Ֆիլիպիններում հազարավոր մարդիկ են տարհանվել ա...

Ֆիլիպիններում հազարավոր մարդիկ են տարհանվել ակնկալվող սուպեր թայֆունի պատճառով, որն իշխանությունները որակել են որպես պոտենցիալ «աղետալի»։

Նախատեսվում է, որ 230 կմ/ժ արագությամբ «Ռագասա» թայֆունը սեպտեմբերի 22-ին կհասնի նոսր բնակեցված հյուսիսային կղզիներ։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Ֆիլիպինների օդերևութաբանական բյուրոն հայտնել է, որ «Ռագասա»-ն կյանքին սպառնացող փոթորկի մեծ ռիսկ է պարունակում։

Երկրի մեծ մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Մանիլայում, դպրոցներն ու կառավարական գրասենյակները փակվել են։ Իշխանությունները նախազգուշացրել են լայնածավալ ջրհեղեղների, սողանքների, ինչպես նաև տների և ենթակառուցվածքների հնարավոր վնասների մասին։

Սուպեր թայֆունը համարժեք է 5-րդ կատեգորիայի փոթորկի։ 

Ֆիլիպիններից բացի թայֆունը տարածվելու է նաև Չինաստանի վրա։ 

Չինաստանի Գուանդուն նահանգի իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին պատրաստվել «կատաստրոֆիկ» և «լայնածավալ աղետի»։ Հորդառատ անձրևներ և ուժեղ քամիներ չինական տարածքում կզգացվեն արդեն սեպտեմբերի 23-ից։

Reuters-ը հայտնում է, որ Հոնկոնգի միջազգային օդանավակայանը սեպտեմբերի 23-ի երեկոյից 36 ժամով կդադարեցնի բոլոր ուղևորատար չվերթները։

Հոնկոնգում սեպտեմբերի 22-ից առավոտից բնակիչները գնացել են խանութներ՝ առաջին անհրաժեշտության պարագաների հետևից։ Սուպերմարկետներում գոյացել են հերթեր, մի շարք ապրանքատեսակներ, ինչպես օրինակ կաթը, սպառված են։ Իսկ բանջարեղենը, Reuters-ի ականատեսների տվյալներով, սովորական գնից եռակի թանկ է վաճառվում։