Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբեր...

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես՝ 2026 թվականի մայիսի 9-ին Ա.Օ.-ն ֆեյսբուքյան իր էջում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ 61-ամյա Հ.Մ.-ի քաղաքական հայացքներով պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու դրդապատճառով, վերջինիս լուսանկարը տեղադրելով, անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ է հրապարակել՝ այդ կերպ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով:

Ա.Օ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։