Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80–ամյակը և հայ ժողովրդ...
Անդրանիկ Թևանյանը գրել է․
Որպես «Մայր Հայաստան» շարժման ղեկավար պաշտոնապես հրավիրվել եմ և ներկա եմ գտնվելու Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80–ամյակին նվիրված Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունենալիք Հաղթական շքերթին։
Հայ ժողովուրդն իր զգալի ներդրումն է ունեցել այդ հաղթանակի կերտմանը և տվել բազում հերոսներ՝ մարշալների, գեներալների և շարքային զինվորականների տեսքով։
Ինձ համար Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին մասնակցելը էմոցիոնալ առումով աննկարագրելի է, քանի որ երկու պապերս էլ՝ Անդրանիկ Թևանյանն ու Պերճ Նազարեթյանը, մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին և փառահեղ ուղի անցել։ Պատերազմի մասին առաջին պատմությունները հենց նրանցից եմ լսել, երբ միասին հեռուստատեսությամբ դիտել ենք դեռևս սովետական տարիներին տեղի ունեցած զորահանդեսները։ Կարելի է ասել, որ նաև նրանց անունից եմ մասնակցում հաղթական այս միջոցառմանը։
Տոնական այս օրը նաև ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀ «թավշյա» իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք զրկվեցինք մայիսի 9–ին նշվող Եռատոնից, քանզի մեզանից գողացվեցին Արցախն ու մեր հաղթանակները։ Շուշին և ընդհանրապես ամբողջ Արցախը դավաճանաբար հանձնվեց թշնամուն։ Հենց դա է պատճառը, որ արդեն մի քանի տարի մայիսի 9-ին չենք կարողանում լիարժեքորեն տոնական տրամադրություն ունենալ։
80 տարի առաջ ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած հայ ժողովուրդն իր իսկ իշխանության օրոք բախվել է ներազգային ֆաշիզմի դրսևորման հետ։ Օրվա իշխանությունը ՀՀ քաղաքացիներին բաժանում է հայաստանցիների ու ղարաբաղցիների, ռուսամետների ու արևմտամետների, գյումրեցիների ու երևանցիների, նախկինների ու ներկաների։
20–րդ դարում ֆաշիզմի դեմ տարած պայքարում պանծալի զորավարներ տված արցախցիները 21–րդ դարում դարձան ադրբեջանական ֆաշիզմի զոհ՝ 2023–ին էթնիկ զտման ենթարկվելով և տեղահանվելով սեփական հայրենիքից։
Այս ամենը ցույց է տալիս, որ հայ ժողովրդի համար դեռ չի ավարտվել ֆաշիզմի դեմ պայքարը։
Արժանին մատուցելով մեր պապերի ու հայրերի տարած հաղթանակներին՝ մենք պետք է կարողանանք ձերբազատվել ներքին ֆաշիզմից, պայքարել արցախահայության վերադարձի իրավունքի համար, ապահովել խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն Հայաստանի Հանրապետության համար։ Մեզ անհրաժեշտ է միասնականություն, կամք և վճռականություն՝ նոր հաղթանակների համար։