
Եվրախորհրդի ներկայիս գլխավոր քարտուղար, Խորվաթիայի ներկայացուցիչ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը որոշել է չպաշտոնավարել երկրորդ ժամկետը, որի իրավունքն ուներ կազմակերպության կանոնադրության համաձայն։ Այս մասին հայտնում է «Եվրոպական ճշմարտություն» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Պարբերականի համաձայն՝ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը, որը կընտրվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանում, պետք է աշխատանքը սկսի հոկտեմբերին։
Հունվարի 10-ին ավարտվել է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից այդ պաշտոնի համար թեկնածուներ ներկայացնելու ժամկետը:
«Եվրոպական ճշմարտություն» թերթի աղբյուրները հաստատել են, որ ԵԽ Նախարարների կոմիտեում գրանցված է երեք թեկնածու՝ էստոնացի քաղաքական գործիչ և դերասան, մշակույթի նախկին նախարար, Էստոնիայի սոցիալ-դեմոկրատների նախկին առաջնորդ Ինդրեկ Սաարը, Արդարադատության հարցերով գործող եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը Բելգիայից և շվեյցարացի քաղաքական գործիչ, սոցիալ-դեմոկրատ Ալեն Բերսեթը, ով Շվեյցարիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2023 թվականը: