ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է բանակում տեղի ունեցող միջադեպերին և դրանց վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Աբրահամյանի խոսքով՝ գործող իշխանությունն իր իսկ հայտարարություններով «զրոյացնում է բանակի վերաբերյալ պետական քարոզչությունը»։ Նա հիշեցրել է, որ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ է, անդրադառնալով բանակում տեղի ունեցող միջադեպերին, հայտարարում, թե մարտական դիրքերում անհրաժեշտ զգոնություն չի պահպանվում, իսկ զինծառայողները պատշաճ հերթապահություն իրականացնելու բավարար մոտիվացիա չունեն։
Ըստ Աբրահամյանի՝ իշխանությունը դա բացատրում է նրանով, որ նախկինում սահմանին մշտական լարվածություն էր, ինչի պատճառով զինվորները սեփական անվտանգության նկատառումներով ավելի զգոն էին, մինչդեռ այժմ, իշխանությունների բնորոշմամբ, խաղաղության պայմաններում սպառնալիքի զգացումը նվազել է։
Նախկին պատգամավորը պնդում է, որ այս հայտարարությամբ Փաշինյանը փաստացի հերքում է նաև իշխանության նախկին թեզը, թե բանակում զինվորների քնելը նոր երևույթ չէ և նախկինում ևս նման դեպքեր եղել են։
Աբրահամյանի գնահատմամբ՝ եթե իշխանությունը հայտարարում է, որ մարտական դիրքերում զգոնություն չկա, զինծառայողները դիրք պահելու մոտիվացիա չունեն, իսկ բանակի ներսում խնդիրները երբեմն լուծվում են «փողոցի լեզվով», ապա դրանով փաստացի արձանագրվում է բանակում կարգապահության, ծառայության կազմակերպման և կանոնադրական հարաբերությունների լուրջ խնդիրների առկայությունը։
«Ահա սա է իշխանության թիվ մեկ դեմքի գնահատականը բանակին և նրա իրական վիճակին»,- եզրափակել է Տիգրան Աբրահամյանը։



