Եվրոպան ԱՄՆ-ին հայտնել է Ուկրաինայի վերաբերյա...

Եվրոպական տերությունները անցյալ շաբաթ ԱՄՆ-ին հայտնել են, թե Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պոտենցիալ խաղաղ համաձայնագրի ասպեկտների մասին բանակցությունները չեն կարող քննարկվել չորեքշաբթի կայանալիք քննարկումների նոր փուլից առաջ, ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդել է Reuters-ը: Ուկրաինան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան հինգշաբթի Փարիզում նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո առաջին համատեղ բանակցություններն են անցկացրել՝ մտքեր փոխանակելով ավելի քան երեք տարի տեւած պատերազմին վերջ տալու ուղիների շուրջ։ Բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, չորեքշաբթի կրկին կհանդիպեն Լոնդոնում։ «Մեզ հուզող միակ նպատակը ֆրանսիական շահերի եւ եվրոպական անվտանգության պաշտպանությունն է: Այդ իսկ պատճառով, երբ ԱՄՆ-ը որոշում է միջնորդել, մենք ստիպում ենք նրան լսել, թե որոնք են մեր կարմիր գծերը»,- երեքշաբթի Franceinfo ռադիոկայանին ասել է Բարոն՝ նկատի ունենալով այն հարցերը, որոնց շուրջ եվրոպական առաջնորդները տեղից չեն շարժվել:Նա մանրամասների մեջ չի խորացել։ Հարցին, թե արդյոք նա վստահելի է համարում Թրամփի այն պնդումը, թե խաղաղ համաձայնագրի մասին կարող է հայտարարվել այս շաբաթ, Բարոն պատասխանել է, որ դա կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: