Եվրոպական հանձնաժողովը մտադիր չէ բռնագրավել Ա...

Եվրոպական հանձնաժողովը մտադիր չէ բռնագրավել Արևմուտքում սառեցված ռուսաստանյան ակտիվները, սակայն դրանք կօգտագործի Ուկրաինային ռեպարացիաների տեսքով վարկեր տրամադրելու համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիությունում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանում ամենամյա ուղերձի ընթացքում։

Նա հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է շտապ աշխատեն նոր որոշման ուղղությամբ, որպեսզի ֆինանսավորեն Ուկրաինայի ռազմական պատասխանը՝ սառեցված ռուսաստանյան ակտիվների հիման վրա: 

«Ռուսաստանյան այդ ակտիվների հետ կապված միջոցների հաշվին մենք կարող ենք Ուկրաինային տրամադրել ռեպարացիոն վարկ: Բուն ակտիվները չեն բռնագրավվի, և ռիսկերն ստիպված կվերցնենք մեզ վրա», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինան վարկը կմարի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը վճարի ռեպարացիաները: Այդ միջոցներն Ուկրաինային կօգնեն արդեն հիմա, բայց դրանք նաև չափազանց կարևոր են միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում», - հավելել է ֆոն դեր Լայենը: