
Իրանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել եվրոպական մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ. նրանց բողոք են հայտնել Թեհրանի միջուկային և հրթիռային ծրագրերի նկատմամբ ԵՄ-ի «ինտերվենցիոնիստական դիրքորոշման» կապակցությամբ:
Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ Ռավանչիին։
Նրա խոսքով՝ «այս քայլը պայմանավորված է ԵՄ-ի անհիմն և ինտերվենցիոնիստական հայտարարություններով, որոնք ներառվել են Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) և ԵՄ արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ»։
Իրանցի դիվանագետը Թեհրանի հրթիռային ծրագրի շուրջ հայտարարությունները որակել է «երկրի ներքին գործերին ակնհայտ միջամտություն» և մերժել դրա վերաբերյալ «անհիմն ու չափազանցված» հայտարարությունները։ Նա ընդգծել է, որ Իրանի ազգային պաշտպանական ներուժը, այդ թվում՝ հրթիռային, երկրի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքի մաս է և երաշխավորում է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։
Բացի այդ, Թախթ Ռավանչին եվրոպացի դիվանագետների ուշադրությունը հրավիրել է Պարսից ծոցի երեք ռազմավարական կղզիների նկատմամբ եվրոպական երկրների դիրքորոշումների վրա, որոնք Իրանի և ԱՄԷ-ի միջև տարածքային վեճի օբյեկտ են:
Հոկտեմբերի 7-ին Քուվեյթում կայացած հանդիպման արդյունքներով, ՊԾԱՊՀԽ-ի և ԵՄ երկրների ԱԳ նախարարներն Իրանին կոչ են արել տարածաշրջանային ապաէսկալացման, որը կապահովեր նրա միջուկային ծրագրի խաղաղ բնույթը և կկանխեր բալիստիկ հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ցանկացած տեխնոլոգիայի տարածումը, որոնք սպառնալիք են անվտանգության ու խաղաղության համար ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ընդհանրապես ամբողջ աշխարհում։