Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպում է անցկացրել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Ըստ APA լրատվական գործակալության, համայնքի երիտասարդական կառույցի նախագահի տեղակալ Քամալ Ջաֆարովը և այլ անդամներ Միյատովիչին պատմել են «Հայաստանից բռնի աքսորվելու» մասին:
Համայնքի ներկայացուցիչները պնդել են, թե «Հայաստանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ներառյալ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հռչակագիրը»:
Հիշեցնենք, որ, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանը քաղաքական հասկացություն է, որը հիմնականում օգտագործվում է՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության այժմյան տարածքը։ Այս հասկացությունն ունի պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև լայնորեն կիրառվում է Ադրբեջանի Հանրապետության ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններում։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը նշում է, որ Հայաստանի տարածքը գտնվում է «հին թուրք-ադրբեջանական հողերում»։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հանդիպումը «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ պետք է դիտարկել վերոնշյալի լույսի ներքո։ Սա նշանակում է, որ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյան այս հանդիպմամբ ընդունում է, որ Հայաստանի տարածքում կա, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջան, որի ներկայացուցիչների հետ քննարկել է նրանց իրավունքների հարցը։
Այս հանդիպման մասով Հայաստանի Հանրապետության իշխանությունների արձագանքի բացակայությունն անընդունելի է։ Առնվազն ԱԳՆ-ը պետք է արձագանքեր և բողոքի նոտա հղեր Եվրոպայի խորհրդին, որով պետք է ցույց տար իր անհամաձայնությունն Արևմտայն Ադրբեջան եզրույթին։
Հ․Գ․ Նկատենք, որ այս հանդիպումը տեղի է ունենում այն ֆոնին, երբ նույնիսկ եվրոպացի միջին կալիբրի չինովնիկ, անգամ Արցախում տեղի ունեցած աղետից հետո, չի հանդիպել Արցախի օրինական իշխանությունների հետ։