Եվրամիությունը մեծ սխալ է թույլ տվել՝ կտրվելո...

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն այսօր Բուդապեշտում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրամիությունը մեծ սխալ է թույլ տվել՝ կտրվելով Արևելքի նավթից և բնական գազից, գրում է The Guardian-ը։

Ըստ ԱՄՆ փոխնախագահի՝ նա իսկապես հավատում է, որ Ուկրաինայի, Եվրոպայի, Հունգարիայի և Միացյալ Նահանգների շահերից է բխում «այս պատերազմը հնարավորինս արագ ավարտելը»։

«Այս հակամարտության սերմերն իրականում ցանվել են մարտերի սկսվելուց շատ առաջ, և դրանք ցանվել են այն ժամանակ, երբ եվրոպացի առաջնորդները որոշել են, որ այնքան խոր կներգրավվեն որոշակի էներգետիկ տնտեսության մեջ, որ կկարողանան կտրվել Արևելքից եկող նավթից և բնական գազից։ Դա մեծ սխալ էր այն ժամանակ, և ակնհայտորեն մեծ սխալ է նաև հիմա։ Եվ ես զվարճալի եմ համարում, երբ լսում եմ, թե ինչպես են մարդիկ մեղադրում, օրինակ, իմ նախագահին ռուսամետ լինելու մեջ»,- ասել է Վենսը։

Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «աշխարհում ցանկացած մեկից ավելին է արել»՝ Եվրոպային էներգետիկայի և հեղուկ բնական գազի մատակարարմանն օգնելու համար, ինչը թուլացնում է Ռուսաստանին։

«Որովհետև ուզում ենք, որ մեր դաշնակիցներն ու բարեկամները ողջամիտ էներգետիկ քաղաքականություն վարեն, որպեսզի իրենց սպառողները կարողանան ավելի քիչ վճարել։ Սակայն միաժամանակ, երբ, Աստված մի արասցե, հակամարտություն ծագի, նրանք կարող են մեզ ապավինել, այլ ոչ թե մեկ այլ երկրի՝ իրենց անհրաժեշտ էներգիայի համար։ Հետևաբար, ես զվարճալի եմ համարում, որ շատ հաճախ հենց այն մարդիկ, ովքեր այս կամ այն ​​առաջնորդին մեղադրում են ռուսամետ լինելու մեջ, հենց այն նույն մարդիկ են, որոնք ի սկզբանե Եվրոպայի էներգետիկ առումով թույլ տնտեսություններ են ստեղծել»,- նշել է Վենսը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է «դադարեցնել սպանությունները» և «վերադառնալ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ առևտրին»։