Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցներ կիրառ...

Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ՝ ի պատասխան Իրանի իշխանությունների գործողությունների: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Ի պատասխան իրանական իշխանությունների գործողությունների (...), Եվրոպական միությունը լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել։ Մենք կշարունակենք պաշտպանել ԵՄ-ի անվտանգությունն ու շահերը, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցների միջոցով», - ասվում է եվրոպական դիվանագիտության ղեկավարի՝ մարտի 1-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն «հետևողականորեն կոչ է անում Իրանին դադարեցնել իր միջուկային ծրագիրը, սահմանափակել իր բալիստիկ հրթիռների ծրագիրը, զերծ մնալ տարածաշրջանում և Եվրոպայում անկայունացնող գործունեությունից, ինչպես նաև դադարեցնել սեփական ժողովրդի նկատմամբ սարսափելի բռնությունն ու ճնշումները»։

ԵՄ-ի գլխավոր դիվանագետը հավելել է, որ «Եվրամիությունը կշարունակի իր ավանդն ունենալ լարվածության նվազեցման և կայուն լուծման հասնելու գործում, որը կկանխի Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը»։

Հայտարարության մեջ նաև կոչ է արվում Իրանին համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ և թույլ չտալ կարևորագույն այնպիսի ջրային ուղիների աշխատանքի խախտումներ, ինչպիսին Հորմուզի նեղուցն է։