Եվրամիությունը կկասեցնի Մեծ Բրիտանիայի հետ եր...

Եվրամիությունը կկասեցնի Մեծ Բրիտանիայի հետ երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների շուրջ քննարկումները, քանի դեռ թագավորության կառավարությունը չի հստակեցրել դրանց վերագործարկման ձևաչափի վերաբերյալ իր մտադրությունները։ Այս մասին բրիտանական The Guardian պարբերականին հայտնել են մի շարք եվրոպացի դիվանագետներ։

Ավելի վաղ Financial Times-ի տրամադրության տակ էր հայտնվել կոմյունիկեի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել նոյեմբերի 20-ին կայանալիք Մեծ Բրիտանիա–ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով։ Պարբերականի տեղեկություններով՝ Բրյուսելը պնդում է, որ փաստաթղթով Լոնդոնը պարտավորվի համաձայնեցված ոլորտներում «իր քաղաքականության և ազգային օրենսդրության շրջանակում ապահովել այլ միջազգային գործընկերների նկատմամբ նույն որոշումները», ինչ Եվրամիությունը։ Սակայն բրիտանացի պաշտոնյաները պատրաստ չեն ինքնաբերաբար կիրառել ԵՄ-ի սահմանած մաքսատուրքերը՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է Պեկինի պատասխան քայլերի պատճառ դառնալ։

«Նախևառաջ մենք Մեծ Բրիտանիայից հստակություն ենք ուզում։ Անհրաժեշտ է սկզբում մշակել [տնտեսական մերձեցման] տարբերակները և միայն դրանից հետո անցնել բանակցությունների։ Մենք աշխատանքը կսկսենք միայն այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ [դիրքորոշումը] կեսճանապարհին չի փոխվի»,– մեջբերում է պարբերականը ԵՄ բանակցողներից մեկի խոսքերը։

Կողմերը փորձում են համաձայնագրի նախագիծը մշակել մինչև Մեծ Բրիտանիա–ԵՄ գագաթնաժողովի ավարտը։ Սակայն Բրյուսելն ու Լոնդոնը չեն կարողանում համաձայնության գալ միասնական հովանավորչական միջոցառումների, մասնավորապես՝ չինական էլեկտրամոբիլների համար սահմանվող մաքսատուրքերի հարցում։ Մեծ Բրիտանիան ձգտում է խուսափել խոշոր պարտավորություններից՝ միասնական և համապարփակ համաձայնագրի փոխարեն նախընտրելով առանձին հարցերի շուրջ փոքր գործարքներ կնքել։ Ինչպես գրում է պարբերականը, ԵՄ ներկայացուցիչները չեն ցանկանում երկխոսությունը շարունակել այս ձևաչափով։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովից հետո կողմերը դադար կվերցնեն բանակցություններում։

The Guardian-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ԵՄ-ի հետ ինտեգրման ծրագրերի մասին կհայտարարի դեկտեմբերից ոչ շուտ, երբ վարչապետ Էնդի Բըրնեմը պետք է ներկայացնի երկրի զարգացման տասնամյա ծրագիրը։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ երկրի ղեկավարությունը նաև նախատեսում է 2027 թվականը նվիրել բնակչության հետ «ազգային երկխոսությանը»՝ ԵՄ-ի հետ հետագա տնտեսական մերձեցման տեսլականը հստակեցնելու նպատակով։

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեն տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 23-ին։ Մի քանի տարի տևած բանակցություններից հետո թագավորությունը լքել է միությունը 2020 թվականի փետրվարի 1-ի գիշերը։ 2021 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Brexit-ից հետո գործող անցումային շրջանը, որի ընթացքում Մեծ Բրիտանիայի նկատմամբ շարունակում էին կիրառվել եվրոպական բոլոր նորմերը։ 2020 թվականի դեկտեմբերին կողմերը կնքել են Brexit-ից հետո հարաբերությունները կարգավորող համաձայնագիր, որը նախատեսում է ապրանքների և ծառայությունների ազատ առևտրի գոտի՝ առանց քվոտաների և մաքսատուրքերի, ինչպես նաև բրիտանացիների՝ ԵՄ, իսկ ԵՄ քաղաքացիների՝ Մեծ Բրիտանիա առանց վիզայի այցելելու հնարավորություն՝ մինչև 90 օր ժամկետով։