Եվրամիությունը հույս ունի Հայաստանը պոկել վստահելի անվտանգության համակարգից և կայուն տնտեսական կապերից՝ թաքնվելով «գործընկերության խորացման», «բարեփոխումներին աջակցության», «ժողովրդավարության աջակցության» գեղեցիկ կարգախոսների հետևում։ Այդ մասին «Իզվեստիային» հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունում։
«Արդեն բազմիցս խոսել ենք Հարավային Կովկասում և Հայաստանի նկատմամբ Բրյուսելի իրական նպատակների մասին։ «Գործընկերության խորացման», «բարեփոխումներին աջակցության», «ժողովրդավարության աջակցության» գեղեցիկ կարգախոսների հետևում թաքնված է միանգամայն պրագմատիկ հաշվարկ՝ հանրապետությունը պոկել վստահելի անվտանգության համակարգից և կայուն տնտեսական կապերից։ Ընդ որում, այն գործիքներին, որոնք տասնամյակներ շարունակ ապահովել են երկրի կայունությունը, որևէ հստակ այլընտրանք չի առաջարկվում», — հայտարարել են գերատեսչությունում։
Եվրոպացի պաշտոնյաներն ընդունում են, որ Հայաստանի՝ ԵՄ-ին հիպոթետիկ անդամակցության ճանապարհը մեկ տասնամյակից պակաս չէ, և վերջնական արդյունքի երաշխիքներ չկան։ Իսկ ահա քաղաքական կամքից կախվածության մեջ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները հայտնվում են շատ արագ, նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
Դիվանագետները հավելել են, որ Երևանը մնում է Մոսկվայի դաշնակիցը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ։
«Սակայն չենք կարող աչք փակել այն քայլերի վրա, որոնք, ըստ էության, հակասում են նրա պարտավորություններին՝ թե՛ երկկողմանի, թե՛ ընդհանուր բազմակողմ ձևաչափերի շրջանակում։ Հույս ունենք, որ հայկական ղեկավարությունում չեն հարմարվի օտար աշխարհաքաղաքական խաղերին, այլ առաջնահերթ կհամարեն հենց հանրապետության երկարաժամկետ ազգային շահերը։
Համարում ենք, որ Երևանը թույլ չի տա ԵՄ-ի ներկայացուցիչներին օգտագործել մեր հայ դաշնակիցների հետաքրքրվածությունը արտաքին տնտեսական կապերի ընդլայնման նկատմամբ՝ վնաս հասցնելու ձևավորված քաղաքական, պատմական, մարդասիրական և տնտեսական կապերին», — եզրափակել են ԱԳՆ-ում։



