Եվրամիությունը Հարավային Կովկասը դիտարկում է...

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասը դիտարկում է որպես գլոբալ հիբրիդային պատերազմի հերթական ճակատ եւ այդ տրամաբանությամբ գործելով՝ այնտեղ լարվածության նոր օջախներ են ստեղծում։ «Ինձ թվում է, որ բոլորն էլ հասկանում են, որ Եվրամիությունը Հարավային Կովկասը դիտարկում է որպես հիբրիդային պատերազմի նոր ճակատ, հիմա արդեն գլոբալ հիբրիդային պատերազմի, եթե նախկինում նրանք միայն Ռուսաստանի դեմ են գործել»,- ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելության հնարավոր ընդլայնման հավանականությանը, Զախարովան ասել է, որ եվրոպացի դիտորդները որեւէ օգուտ չեն բերում ռեգիոնում կայունության պահպանմանը եւ Հարավային Կովկասում ոչ խաղաղությանը, ոչ բարգավաճմանը չեն նպաստում, այլ ընդհակառակը՝ նոր բաժանարար գծեր են ստեղծում, լարվածության նոր օջախներ եւ նոր խնդիրներ։ Նա նաեւ ասել է, որ Ֆրանսիան՝ Հայաստանը Արեւմտյան ուղեծիր տանելով, անհասկանալի եւ խաբուսիկ խոստումներ է տալիս ու դրանով փորձում խաթարել հայ-ռուսական բազմադարյա հարաբերությունները, որոնք մշտապես ի շահ ժողովուրդների են եղել։ Զախարովան նաեւ ասել է, որ ԵՄ առաքելության կազմում հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ երկրներն են ներառված։