Եվրամիության ԱԳ նախարարները կհանդիպեն Մեծ Բրի...

Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Լեհաստանի և ԵՄ արտաքին գործերի նախարարները այսօր՝ մայիսի 12-ին, կհանդիպեն Մեծ Բրիտանիայում: Բանակցությունները կկենտրոնանան Ուկրաինային աջակցելու և, հնարավոր է, ռուսական կողմի դեմ պատժամիջոցների հայտարարման վրա, հաղորդում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիայում գտնվող եվրոպացի գործընկերներին կընդունի երկրի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին։ Հանդիպման ընթացքում, Ուկրաինային օգնություն ցուցաբերելու թեմայից բացի, նրանք կխոսեն նաև տարածաշրջանային պաշտպանական համագործակցության ընդլայնման մասին։

Հանդիպումը տեղի կունենա վարչապետ Քիր Սթարմերի և ԵՄ առաջնորդների միջև հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսված գագաթնաժողովից առաջ։

Լեմին ասել է, որ դաշնակիցները բախվել են «մեր մայրցամաքի կոլեկտիվ անվտանգության համար եզակի պահի»։

«Այսօր մեր առջև ծառացած մարտահրավերը միայն Ուկրաինայի ապագայի մասին չէ. այն գոյաբանական է ամբողջ Եվրոպայի համար», - ընդգծել է բրիտանացի նախարարը։

Նաև նշվում է, որ Լեմմին պլանավորում էր հայտարարել լրացուցիչ պատժամիջոցների մասին այն անձանց նկատմամբ, որոնք աջակցում են Ռուսաստանի ռազմական ագրեսիային Ուկրաինայի դեմ։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը, ինչպես սպասվում է, մայիսի 12-ին կայանալիք հանդիպման ժամանակ կոչ կանի ամրապնդել եվրոպական անվտանգությունը։

Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ մայիսի 19-ին ԵՄ առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովում Սթարմերը հույս ունի դաշինքի հետ նոր պաշտպանական համաձայնագիր կնքել, ինչպես նաև բարելավել առևտրային կապերը Brexit-ից հետո։