Եվրախորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը, որը հաստատում է Եվրամիությունից ներմուծվող ապրանքների նկատմամբ 15% միակողմանի մաքսատուրքերը և ԵՄ-ին պարտավորեցնում է մինչև 2028 թ. վերջը գնել 750 միլիարդ եվրոյի ամերիկյան էներգապաշարներ: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Համաձայնագրին հավանություն է տրվել», - քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Որոշումն ընդունվել է Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի նստաշրջանում 417 կողմ, 154 դեմ և 71 ձեռնպահ ձայներով։ Տեքստն այժմ պետք է հաստատվի Եվրախորհրդարանի և Եվրամիության խորհրդի բանակցողների կողմից, որից հետո փաստաթուղթը կմտնի ուժի մեջ։ Այժմ այն արդեն կիրառվում է, բայց «ժամանակավոր ռեժիմով», որը գործնականում ցանկացած կողմի թույլ է տալիս արագ կասեցնել դրա գործունեությունը։
ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագիրը կնքվել է նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև 2025 թ. օգոստոսին կայացած բանակցություններում։ Դրա շրջանակներում ԵՄ-ն պարտավորվել է 15% մաքսատուքեր վճարել ԱՄՆ իր ողջ արտահանման համար՝ Եվրոպա ԱՄՆ-ի արտահանման համար զրոյական մաքսատուրքերի դիմաց։ Բացի այդ, Եվրահանձնաժողովը պարտավորվել է մինչև 2028 թ. վերջն ապահովել ԱՄՆ-ից 750 միլիարդ եվրոյի էներգապաշարների գնումները, ինչը կազմում է էներգապաշարների ողջ եվրոպական ներմուծման մոտավորապես երեք քառորդը։
Եվրախորհրդարանն արդեն երկու անգամ հետաձգել է այդ համաձայնագրի վավերացումը՝ առաջին անգամ՝ 2026 թ. հունվարին, իսկ երկրորդ անգամ՝ փետրվարին, երբ ԱՄՆ Գերագույն դատարանն անօրինական ճանաչեց ամերիկյան մաքսատուրքերը, և ԱՄՆ վարչակազմը սակագներ սահմանեց ըստ նոր սխեմայի, որը, եվրոպական գնահատումներով, հանգեցրեց եվրոպական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման միջինը մինչև 15,8%, ինչը սուր քննադատություն առաջացրեց Եվրոպայում։



