Եվրախորհրդարանականները Իսրայելին մեղադրել են...

Եվրոպական խորհրդարանի սոցիալիստական, ձախ և կանաչ խմբակցությունների առաջնորդները նամակ են հղել ԵՄ ղեկավարությանը, որում մեղադրում են Իսրայելին Գազայի հատվածում ցեղասպանության մեջ և պահանջում, որ ԵՄ-ն անհապաղ միջոցներ ձեռնարկի հրեական պետության դեմ, հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը։

«Իրավիճակն այլևս չի կարող դիտարկվել որպես պարզապես արտակարգ։ Կան անհերքելի ապացույցներ, որ Գազայում ցեղասպանություն է կատարվում։ Եվրահանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը դեռ չեն կարողացել արձագանքել այն արագությամբ և վճռականությամբ, որը թելադրում են մեր պայմանագրերը, արժեքներն ու պարտավորությունները», - ասված է նամակում, որը հայտնվել է Politico-ի տրամադրության տակ և ուղղված է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին և Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտային։

Եվրոպացի պաշտոնյան հայտնել է պարբերականին, որ Գազայում սովը արհեստականորեն է հրահրվել և զուգահեռներ է անցկացրել նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունների, մասնավորապես՝ Ռուանդայում տուտսիների ցեղասպանության հետ։ «Մենք ականատես ենք լինում Գազայում արհեստականորեն ստեղծված սովին», - ասել է նա։