Եվրահանձնաժողովը հրաժարվել է ԵՄ-ին Վրաստանի ա...

Բրյուսելը հրապարակել է տարեկան զեկույց ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրներում առաջընթացի վերաբերյալ։  Եվրահանձնաժողովը հրաժարվել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ հանձնարարական տալ: Ավելին, Վրաստանի վերաբերյալ գնահատականները վատագույնն էին տասը թեկնածուների (Թուրքիա, Մոնտենեգրո, Սերբիա, Ալբանիա, Հյուսիսային Մակեդոնիա, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Բոսնիա և Հերցեգովինա) շրջանում:

Բրյուսելը հիշեցրել է, որ Վրաստանի կառավարության գործողությունների պատճառով ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը «դե ֆակտո կասեցվել է» 2024 թվականի գարնանը՝ թեկնածուի կարգավիճակ ստանալուց անմիջապես հետո, հայտնում է newsgeorgia.ge-ն։

ԵՄ-ն կարծում է, որ Վրաստանի իշխանությունները «զգալի քաղաքական հանձնառություն» չեն դրսևորել ԵՄ-ին միանալու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար։ Եվրահանձնաժողովը կոչ է արել չեղարկել «օտարերկրյա գործակալների» և ԼԳԲՏ քարոզչության մասին օրենքները։ Զեկույցում ընդգծվել է վրացի պաշտոնյաների հակաեվրոպական հռետորաբանությունը և քննադատվել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները։

Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ Վրաստանն արտաքին քաղաքականության մեջ կատարում է ԵՄ բոլոր որոշումների միայն 49%-ը:

Իշխող «Վրացական երազանք»-ը հայտարարել է Բրյուսելի պաշտոնյաների կողմից Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը քաղաքականացնելու փորձերի մասին:

«Մենք տեսնում ենք այս գործընթացը ծայրահեղ քաղաքականացնելու փորձ, բոլորը պետք է հասկանան, որ նման մոտեցումը եվրաինտեգրումը փոխգործակցության գործիքից վերածում է քաղաքական գործիքի, որը, ցավոք, ի վերջո վնասում է հենց եվրաինտեգրման գործընթացին և Եվրամիության հեղինակությանը», - այսօր լրագրողներին ասել է խորհրդարանի նախկին նախագահ Շալվա Պապուաշվիլին: