Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հաստատել է Վենետիկի բիենալեին նախատեսված 2 միլիոն եվրո դրամաշնորհից զրկելու որոշումը Ռուսաստանին հրավիրելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Թոմաս Ռենիեն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ես կարող եմ հաստատել, որ Եվրոպական հանձնաժողովը նամակներ է ուղարկել (խմբ.՝ Իտալիայի կառավարությանը և բիենալեի կազմակերպիչներին) 2 միլիոն եվրո դրամաշնորհի տրամադրումը դադարեցնելու որոշման վերաբերյալ։ Մենք քաղաքականապես դատապարտում ենք Ռուսաստանի տաղավարը բացելու որոշումը և Իտալիայի կառավարությանը հրավիրում ենք զբաղվելու այդ հարցով», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ռենիեն հայտարարել է, որ բիենալեի կազմակերպիչներն «ունեն 30 օր»՝ Եվրոպական հանձնաժողովի որոշումը վիճարկելու համար, հակառակ դեպքում դրամաշնորհը վերջնականապես կչեղարկվի։
Ապրիլի 21-ին Իտալիայի փոխվարչապետ, ենթակառուցվածքների նախարար Մատեո Սալվինին ժլատություն է անվանել բիենալեին 2 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորումից զրկելու՝ Եվրոպական հանձնաժողովի պլանները՝ ԵՄ բյուջեում երկրների միլիարդավոր եվրոյի ներդրումների ֆոնին։ Նա բացատրել է, որ Վենետիկում ռուսաստանյան տաղավարը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, ուստի ո՛չ բիենալեի ղեկավարությունը, ո՛չ էլ Իտալիան առնչություն չունեն դրա հետ:



