Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) նախկինի նման պլանավորում է սահմանափակել Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումը, բայց առայժմ չի կարող հայտնել այդ հարցի շուրջ առաջարկ ներկայացնելու ստույգ ժամկետները։ Տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Կայսա Իտկոնենը։
«Դա դեռևս պլանավորվում է, բայց այս պահին ես ձեզ հայտնելու ոչ մի տվյալ չունեմ», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Հունիսին ԵՀ-ն հետաձգել է Ռուսաստանից ԵՄ երկրներ միջուկային վառելիքի ներմուծումն արգելելու առաջարկների հրապարակումը։ Եվրոպական վիճակագրական վարչության՝ Եվրոստատի տվյալներով՝ ՌԴ-ն այժմ ԵՄ երկրներին է մատակարարում Միություն ներկրվող ամբողջ հարստացված ուրանի 38%-ը:



