Եվրահանձնաժողովը 910 միլիոն եվրո է հատկացնում...

Եվրահանձնաժողովը ապրիլի 30-ին հայտարարել է Եվրոպական պաշտպանության հիմնադրամի (EDF) շրջանակներում 910 միլիոն եվրո ներդնելու մասին՝ Եվրոպայում ուժեղ և նորարարական պաշտպանական արդյունաբերության ստեղծման նախագծերի համար։ Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությունում։

«Ընտրված առաջարկները նպաստում են այնպիսի կարևորագույն պաշտպանական կարողությունների զարգացմանը, ինչպիսիք են հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը և անօդաչու թռչող սարքերը, որոնք եվրոպական սպառազինություններին թույլ կտան հակազդել ի հայտ եկող սպառնալիքներին և պաշտպանել մեր քաղաքացիներին՝ լինի դա մեր հավաքական պաշտպանության ամրապնդման կամ մեր գործընկերներին, օրինակ՝ Ուկրաինային աջակցելու ճանապարհով», - ասել է պաշտպանության հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Անդրիուս Կուբիլյուսը։

Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ ներդրումներն ուղղված են՝ «վերացնելու պաշտպանական կարողությունների հիմնական խնդիրները, ինչպիսիք են զինված ուժերի շարժունակությունը և անօդաչու թռչող սարքերից պաշտպանությունը՝ եվրոպական գիտության և արդյունաբերության ոլորտում նորարարության և համագործակցության միջոցով»։

«Ավելին, առաջին անգամ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը կարող է կապված լինել EDF-ի նախագծերի հետ», - նշվում է փաստաթղթում։

Հատկացվող ներդրումները, նշվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ, կնպաստեն Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը՝ հանձնաժողովի «ReArm Europe/Readiness 2030» պլանին համապատասխան, որի նպատակն է համաեվրոպական պաշտպանական կարողությունների ամրապնդումը, և մինչև 2030 թ. Եվրոպայի պաշտպանական պատրաստվածության վերաբերյալ «սպիտակ գրքին» համապատասխան, որում սահմանվում են ներդրումային կարիքները։

Նախագծերի վերաբերյալ առաջարկների ընտրությունից հետո Եվրահանձնաժողովը ձեռնամուխ կլինի դրամաշնորհային համաձայնագրերի պատրաստմանը կոնսորցիումների հետ՝ դրանք մինչև տարեվերջ ստորագրելու նպատակով, հայտնել են Բրյուսելում։