Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստ է ավարտել Բուլղարիային և Ռումինիային Շենգեն գոտի ընդունելու գործընթացը։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը՝ ժամանելով Լյուքսեմբուրգ ԵՄ խորհրդի նիստին։
«Ինչ վերաբերում է Ռումինիային և Բուլղարիային, ապա մենք ունեցել ենք օդային տրանսպորտի բնագավառում սահմանային հսկողության վերացման շատ լավ փորձ, այժմ եկել է ժամանակը վերացնելու սահմանային հսկողությունը նրանց ներքին սահմաններին: Հուսով եմ, որ դա տեղի կունենա մինչև իմ մանդատի ավարտը (խմբ.՝ ներկայիս ԵՀ-ի լիազորությունների ժամկետը կավարտվի դեկտեմբերի 1-ին, եթե մինչ այդ հաստատվի դրա նոր կազմը)», - Յոհանսոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ռումինիան և Բուլղարիան ԵՄ-ին անդամակցել են 2007 թվականին՝ պայմանով, որ նրանք կարող են Շենգենյան տարածությանը միանալ «ավելի ուշ, հենց որ կհամապատասխանեն բոլոր չափանիշներին»: Ենթադրվում էր, որ դա տեղի կունենա մեկ-երկու տարի հետո։ ԵՀ-ն այդ երկրների կողմից բոլոր չափանիշների կատարման մասին հայտարարել է 2011 թվականին, սակայն Եվրամիության երկրները ԵՄ խորհրդում արգելափակել են նրանց ընդունելությունը ևս 13 տարով։ Միայն 2024 թվականի մարտին ԵՄ երկրները Ռումինիային և Բուլղարիային մասնակիորեն թույլ տվեցին մտնել Շենգեն՝ վերացնելով ծովային և օդային տրանսպորտի հսկողությունը։
Սակայն վերահսկողությունը ցամաքային սահմաններում, որոնցով իրականացվում է միգրանտների հիմնական փոխադրումը դեպի Եվրամիություն, շարունակում է գործել։
Եվրոպական կառույցներից (Եվրամիություն, եվրագոտի, Շենգենյան տարածություն) մեկում ընդունելության բուն գործընթացը նախկինում երբեք փուլերի չի բաժանվել. նախկինում բոլոր թեկնածու երկրներն անմիջապես դարձել են այդ կառույցների լիիրավ անդամներ:
Շենգենյան համայնքն ստեղծվել է 1985 թվականին Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի կողմից:
Շենգենյան գոտու սահմանները չեն համընկնում Եվրամիության սահմանների հետ, թեև երկու կառույցներն էլ մինչ այժմ ներառել են 27 պետություն։ Շենգեն գոտու անդամներ են Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Լիխտենշտայնը, որոնք ԵՄ անդամ չեն: Բայց դրա փոխարեն ԵՄ անդամ Իռլանդիան և Կիպրոսի Հանրապետությունը Շենգեն գոտու անդամ չեն։