Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների խորհրդաժողովում հայտարարել է, որ Իրանի իշխանությունները «բռնաճնշումների են ենթարկել սեփական ժողովրդին», հետևաբար, «իրանական ռեժիմի համար արցունքներ չպետք է թափվեն»։
«Այս ռեժիմն ավերածություն և անկայունություն է պատճառել ամբողջ տարածաշրջանում իր պրոքսիների միջոցով, որոնք զինված են հրթիռներով և անօդաչուներով», - նրա ելույթի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը։
Նա նշել է, որ շատ իրանցիներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Եվրոպայում «հույս ունեն, որ այս պահը կարող է ճանապարհ բացել դեպի ազատ Իրան»։
Ֆոն դեր Լայենը նաև ընդունել է, որ տարածաշրջանային հակամարտությունը տարածվել է և հետևանքներ թողել էներգետիկայի, ֆինանսների, առևտրի և փոխադրումների ոլորտներում, հանգեցրել է մարդկանց տեղահանման։
Եվրահանձնաժողովի նախագահը նաև Եվրոպային կոչ է արել վճռականորեն ցուցադրել իր ուժը։
«Մենք վճռականորեն պաշտպանել ենք մեր անդամ պետությունների շահերը, երբ նրանց մարտահրավեր են նետել, օրինակ՝ Դանիայի և Գրենլանդիայի դեպքում: Մենք ներդրումներ ենք կատարում մեր ժողովրդավարական կայունության ամրապնդման գործում՝ դիմակայելու դրսից տեղեկատվության մեքենայություներին: Եվ ամենակարևորը՝ մենք սկսել ենք նախագիծ՝ նախատեսված մի քանի սերնդի համար՝ եվրոպական անկախության նախագիծը…. Մենք պետք է այսուհետ էլ առաջ գնանք: Մենք պետք է պատրաստ լինենք ավելի վճռականորեն ցուցադրել մեր ուժը: Օրինակ՝ դիմադրել ագրեսիային և արտաքին միջամտությանը՝ օգտագործելով մեզ մոտ առկա բոլոր միջոցները՝ տնտեսական, դիվանագիտական, տեխնոլոգիական կամ ռազմական», - ասել է ֆոն դեր Լայենը:



