Եվ երբ այդ օրը գա, մեր երկու հին ժողովուրդներ...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով Իրանի դեմ ռազմական գործողությունը, դիմել է Իրանի ժողովրդին՝ նրան որակելով քաջարի:

«Ձեզ ուղերձ ունեմ՝ մեր պայքարը ձեր դեմ չէ։ Մեր պայքարը դաժան բռնապետության դեմ է, որը 46 տարի ճնշում է ձեզ։ Ես հավատում եմ, որ ձեր ազատության օրը մոտ է։ Եվ երբ այդ օրը գա, մեր երկու հին ժողովուրդների միջև մեծ բարեկամությունը կրկին կծաղկի», - ասել է նա:

Նեթանյահուն նաև հավելել է.«Ես ուզում եմ վստահեցնել քաղաքակիրթ աշխարհին, որ մենք թույլ չենք տա աշխարհի ամենավտանգավոր ռեժիմին ձեռք բերել աշխարհի ամենավտանգավոր զենքը»։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է «Առյուծների ազգ» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղակայված օբյեկտներ ենթարկվել են հարվածների։

The New York Times թերթի տվյալներով՝ իսրայելական ուժերը հարձակվել են Թեհրանի շրջակայքում գտնվող վեց ռազմաբազաների վրա։ Մինչդեռ Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Նաթանզ քաղաքում՝ ատոմային օբյեկտի տարածքում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքերի կապակցությամբ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել ուղերձով՝ դիմելով քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ բանակին տվել է «գործելու ազատություն»՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու հարցում։