Եթե որևէ մեկին մեղադրում են գործակալ լինելու...

Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, ըստ որոնց ԱԱԾ աշխատակիցներն էլ են ներգրավվում պատարագներում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունի հնչեցումը «կրճատելու» կամ «զեղչելու» հարցում հոգևորականների հետ տարվող քննարկումներում։

Լրագրողի դիտարկմամբ՝ եթե կիրակի օրը վարչապետը ներկայանալու է Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցումպատարագին, ապա դա նշանակում է, որ արդեն գտնվել է մի քահանա, որը պատրաստ է պատարագի ժամանակ չհիշատակել Վեհափառի անունը, ինչը հետագայում տվյալ հոգևորականներին կարող է դարձնել քննադատության թիրախ։

Պատգամավորը, արձագանքելով հարցին, նշեց․ «Եթե որևէ մեկին մեղադրում են գործակալ լինելու մեջ, կամ պետական դավաճանության մեջ, ապա պետք է հարուցվի քրեական գործ։ Սա տրամաբանական է։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարեց, որ Մարտի մեկի գործը սկզբունքորեն ամբողջովին բացահայտված է, սակայն մինչ օրս դատախազությունը նման հայտարարություն չի արել։ Եթե մեղադրանք կա, պետք է լինի նաև իրավական գործընթաց։ Նման գործեր՝ ո՛չ պաշտոնյաների, ո՛չ զինվորականների, ո՛չ եկեղեցականների նկատմամբ այստեղ գոյություն չունեն»։

Խաչատրյանը նաև արձագանքեց ԱԱԾ-ի հնարավոր ներգրավվածությանը․ «Բռնակալական երկրներում իրավապահ համակարգը դառնում է քաղաքական իշխանության գործիք։ Այդ երկրներում ուժային կառույցներին ուղարկում են, որպեսզի ‘զրուցեն’ թե՛ եկեղեցականների, թե՛ լրատվամիջոցների հետ։ Հիմա մենք տեսնում ենք նույնը։ Այո, հնարավոր է գտնվեն այնպիսի հոգևորականներ, որոնք համաձայնում են փոփոխություններ անել՝ գուցե ճնշման տակ։ Բայց եթե մարդը չի կարողանում կատարել իր պարտականությունները, կարող է դիմել Վեհափառին, հրաժարվել ծառայությունից և զբաղվել այլ գործով։ Հոգևորականի կոչումը պարտավորություն է, և եթե այդ պարտավորությունը հնարավոր չէ կրել, ապա դա նույնպես որոշում է, որ պետք է ընդունել»։

Նրա խոսքով՝ մեղադրանքները, թե «ցենզուրա» է իրականացվում կամ ճնշում է գործադրվում եկեղեցու վրա, պետք է հիմնավորված լինեն իրավական ընթացակարգերով, ոչ թե միայն հրապարակային հայտարարություններով․ «Չի կարող լինել իրավիճակ, երբ ասում են՝ այսինչը գործակալ է, բայց քրեական գործ չկա։ Սա ընդամենը վիրավորանք է և վնասում է ոչ միայն եկեղեցուն, այլև ժողովրդին»։