Ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթ Թուրքիան կփորձարկի Ռուսաստանից գնած Ս-400 համակարգերը։ ԱՄՆ Պետդեպում արդեն լուրջ անհանգստացած են դրանից։ Անթաքույց հայտարարում են, որ իրենք շարունակում են կտրականապես դեմ լինել դրան։ Ռուսաստանում ամենայն հավանականությամբ հրճվանքի մեջ են։
ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում, այնպիսի առանցքային ճակատում, որպիսին Թուրքիան է, պլանավորած «ճեղքումը» միս ու արյուն է ստանում․ թերեւս նաեւ դրանով է պայմանավորված Ղարաբաղյան հակամարտությունում Մոսկվայի՝ «անհասկանալի» բայց չափազանց սպասելի «դանդաղկոտությունը»։ Այս առումով պատահական չէ, որ Մոսկվան ամեն կերպ իրեն փորձում է հեռու պահել Ղարաբաղյան հարցում միջամտությունից, ու անկախ փորձագիտական շրջանակներում հնչող տարատեսակ՝ նաեւ հայամետ հայտարարություններից, պաշտոնական մակարդակով ընդամենը արձանագրում են, որ «ավելին անել անհնար է» իսկ նույնիսկ ազդեցիկ հայերի կոչերի մասով էլ «հուզական պահին վերաբերվում են ըմբռնումով»։ Մոսկվան իր շահերն է առաջ մղում, ու նրա համար էական չէ, թե դա ում շահերին կհարվածի։
Ռուսաստանի այս դանդաղկոտությունը, սակայն կարող է աշխատել ի վնաս Ռուսաստանի՝ հենց Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացման մասով։ Արդեն իսկ որոշակի խլրտում կա այս առումով, որ կարծես թե ամեն հաջորդ բացվող օրվա հետ դա ավելի է խորանում։ Իհարկե, Կրեմլում կարող են հրճվել, որ Անկարան փորձարկելու է Ս-400 համակարգերը, սակայն նաեւ պետք է հիշեն, որ Հարավային Կովկասում Ռուսաստանին առավել կամ պակաս չափով դաշնակից մնացել է Հայաստանը։ Ռուսաստանի այսօրվա դանդաղկոտությունը մեծ նվեր է Էրդողանի «Մեծ Թուրանի» գաղափարի կենսագործմանը։
Ի վերջո Ռուսաստանը բազմազգ երկիր է, որտեղ քիչ չեն էթնիկ թյուրքական խմբերը, ու եթե Ռուսաստանը Հայաստանին կորցնի որպես դաշնակից, դա կլինի ռուսական կողմի մեղքով, իսկ հետո արդեն՝ ինչ որ կկատարվի Հյուսիսային Կովկասում, մեղավոր կլինի միայն ու միայն այժմյան դանդաղկոտությունը։ Ու այդ ժամանակ գուցե Ռուսաստանի սահմանները չափազանց տեղաշարժվեն դեպի հյուսիս, որն էլ կլինի նաեւ հանուն Ս-400-ների փորձարկման հրճվանքի գինը։