Ի՞նչ ենք քննարկում: Խոսքը արևելքից արևմուտք, մասնավորապես՝ Չինաստանից դեպի ԵՄ և հակառակ ուղղությամբ տրիլիոնների ապրանքի մասին է: Եթե մենք տարածաշրջանում 20 երկաթուղի զուգահեռ բացենք, 20 հատ էլ ճանապարհ, մեկ է, չի հերիքի սպասարկելու համար այդ ամբողջ բեռնափոխադրումը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե TRIPP-ի իրականացման դեպքում կարող է Վրաստանի տարանցման դերը նվազել:
«Կարծում եմ, որ հիմա շատ լավ պահ է, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն այս հնարավորությանը նայեն որպես ընդհանուր հնարավորություն, որովհետև մեզ պետք չէ մտածել, որ եթե այս մի բեռնատարը այլ տեղով անցնի, մենք 50 դոլար կկորցնենք:
Մեզ պետք է ասել, թե հազարավոր, տասնյակ հազարավոր տոննաների, միլիոնավոր տոննաների բեռները, որոնք հիմա ճանապարհ են փնտրում, որտեղով կարող են գնալ, եթե մենք՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, կարողանանք մեր տարածաշրջանը դարձնել արագ, գրավիչ, ապահով անցում, բոլորիս եկամուտները տասնյակ անգամներով կավելանան:
Կարող եմ ասել, որ մեր վրացի գործընկերներն այս նույն ընկալումն ունեն:
Էլի եմ ասում՝ այստեղ մասշտաբի հարց է, եթե մենք մի բեռնատարի մասշտաբով ենք մտածում, պիտի մտածենք՝ մի բեռնատարի 50 դոլար շահույթը հիմա ո՞ւմ է հասնելու: Բայց եթե մենք մտածում ենք տասնյակ հազարավոր բեռնատարների մասին, այդտեղ արդեն իրադրության ընկալումը փոխվում է, որովհետև երկրներից որևէ մեկը, միևնույն է, չի կարողանալու սպասարկել այդ հոսքը:
Մենք իրարից օգնություն պիտի խնդրենք, որ մեզ մոտ, իրենց մոտ հերթեր չառաջանան, որովհետև ամեն հերթը նեգատիվ ազդակ է տալիս, որ այստեղից ճիշտ չէ գալը, պետք է այլ ճանապարհ ընտրել»,- ասաց նա:



