ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ԱԺ–ում միացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին հարցազրույցներից մեկը, որտեղ վերջինս ասում է. «Կաևոր է, որ բացի պայմանավորվող կողմերից լինեն նաև պայմանավորվածության երաշխավոր կամ երաշխավորներ, եթե միջազգային երաշխավորներ չլինեն, հնարավոր է խաղաղության պյմանագիր ստորագրել, և դրանից ասենք, 12 ժամ հետո պատերազմ կարող է սկսվի, սա չափազանցություն չի»։
Ձայնագրությունն անջատելուց հետո ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ուզում եմ հասկանալ, այս հարցում էլ եք տեսակետ փոխե՞լ։ Երբ այս հարցազրույցն էիք տալիս, այդ ժամանա՞կ էիք ստում, երբ ասում էիք, որ առանց երաշխավորների խաղաղություն հնարավոր չի, փաստաթուղթը չի երաշխավորում և 12 ժամ հետո ընդամենը հնարավոր է պատերազմ, եթե երաշխավոր չկա, թե՞ հիմա, երբ նախաստորագրել եք մի փաստաթուղթ առանց երաշխավորների, բայց հայտարարում եք, որ խաղաղությունը կայացած փաստ է, այն էլ այս աշխարհաքաղաքական պայմաններում»։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Չնայած Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը շատ ֆունդամենտալ նշանակություն ուներ աշխարհի և տիեզերքի ճանաչման համար, բայց ինչպիսի ֆունդամենտալ հարցերում ինքը սխալ դուրս եկավ, որովհետև օրինակ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը հիմնվում էր տիեզերքի ստատիկ լինելու տեսության վրա, և մոտավորապես 50 տարի պահանջվեց, որպեսզի տեսությունը այդ մասով հերքվի։ Հիմա ոչ մեկ չի գնացել և Էյնշտեյնից իր Նոբելյան մրցանակը և մյուս դափնիները չի վերցրել։ Ինչու՞, որովհետև իմացությունը ճանապարհ է, մի այդպիսի ասացվածք կա՝ տգետ է նա, ով չի փոխվում։ Եթե աշխարհի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին էին 2018 կամ 2020 թվականին, այսօր Հայաստանի Հանրապետություն չէր կարող լինել։
Եթե այս տեմպով գնաք, դուք հասնելու եք երրորդ դասարանում իմ գրած ոտանավորներին։ Գալու եք, ասելու եք՝ բա դու երրորդ դասարանում այսպես ես գրել։ Այն ժամանա՞կ էիր դու ստում, թե հիմա՞։
Դուք չեք հասկանում, թե ինչու չեք լինելու մյուս խորհրդարանում։ Դուք ամեն օրվա հետ ավելի չեք լինելու մյուս խորհրդարանում։ Հլը էն մի մասը գոնե այդքան խելք ունի, չի մասնակցում։ Ձեր կեսի չափով մի հատ ուրիշ խմբակցություն է լինելու, դավեսկայով էլ երրորդ ուժ է լինելու, որը դուք չեք լինելու։
Դա գիտե՞ք ինչից է, ձեր հարցից է։ Դուք այսօր ամեն ինչ ընկալում եք այնպես, ոնց որ երեք տարի առաջ, հինգ տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ։
Այո մենք այսօր ունենք խաղաղություն, և հասկացել ենք մի բան, որ եթե մենք մեր խաղաղության երաշխավորը չլինենք, ոչ մեկ երաշխավորը չի լինի, որովհետև մեր խաղաղությունը մենակ մեզ է պետք, ուրիշ ոչ մեկին մեր խաղաղությունը առնվազն ավելի շատ պետք չի»։
Քրիստինե Վարդանյանն իր հերթին ասաց. «Ավել լավ է որոշ բաներ չհասկանալ, քան ձեր նման հասկանալով ստել։ Սա ձեր երրորդ դասարանի շարադրությունը չէր, սա ընդամենը մի քանի տարի առաջ հարցազրույցից հատված էր։
Դուք այս ամեն ինչը փաթեթավորեցիք էյնշտեյնի հարաբերականության տեսությամբ, որ քողարկեք, որ այո, անկյունաքարային հարցի շուրջ տեսակետ եք փոխել ու հիմա 180 աստիճան հակառակ բան եք ասում։
ՀՀ քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք վեց ամիս հետո չեք գալու կանգնեք այդ տեղ ու ասեք՝ ես նորից եմ փոխվել, ավելի է ընդլայնվել իմ աշխարհահայացքը և մտահորիզոնը, ու հիմա ասում եմ ճիշտ հակառակը։ Ձեզ վստահելը հանցագործություն է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ Հայաստանը ուներ անվտանգության երաշխավոր՝ թղթի վրա գրած. «Դուք էլ գալիս էիք, ասում էիք՝ այ էդ անվտանգության երաշխավորին, ոչ թե չորրորդ հոդվածի երրորդ բառի հինգերորդ կետով են դիմել, այլ վեցերորդ տողի ութերորդ բառի յոթերորդ տողով, դրա համար այնտեղի արհեստական բանականություն չի կարում կարդա, մենք ինչով ենք դիմել։
Մենք հրաժարվեցինք այդ անվտանգությաներաշխավորից և դառանք պետություն։ Որովհետև այդ անվտանգության երաշխավորի երաշխավորության ողջ շրջանում մենք չենք եղել պետություն, մեր վրա խաբար էլ չի եղել, որ մենք պետություն չենք։ Փոփոխվող աշխարհում նա, ով չի փոխվում, ինքը արժանանալու է դինոզավրի ճակատագրին։
Այո, ես չեմ բացառում, որ այս վեց ամսվա ընթացքում, վեց ժամվա ընթացքում կարող է իր ադրբեջանը այնպես փոխվի, որ շատ գնահատականները վերափոխես։ Եվ այն երկրները, որոնք այդպիսին չեն, իրենք հայտնվում են բաստուրմայի կարգավիճակում, որոնց մանր-մանր կտրտում են»։
Իր խոսքը վերոջւմ Նիկոլ Փաշինյանը դիմելով ընդդիմությանը, ասաց,՝ «Դուք երրորդ դասարանում եք, հազար ներողություն»։



