
Ադրբեջանի խորհրդարանի անդամ Գուդրաթ Հասանգուլիևը ադրբեջանական haqqin.az-ին տված հարցազրույցում արձագանքել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի՝ 2025 թվականի սեպտեմբերին երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին հայտարարությանը։
Հասանգուլիևը հաստատել է, որ Ադրբեջանը կարող է համաձայնվել նման որոշում կայացնել որոշակի պայմաններում։
Նրա խոսքով, եթե վերջնական խաղաղության պայմանագրում Հայաստանը պարտավորվի ապագայում փոփոխություններ կատարել իր Սահմանադրության մեջ (նկատի ունենալով այն դրույթները, որոնք Բաքուն համարում է տարածքային պահանջներ, - խմբ.), սա կարող է հիմք դառնալ համաձայնագրի ստորագրման համար։
«Ադրբեջանի կողմից նման քայլը լրջորեն կսահմանափակի խաղաղության դեմ հանդես եկող «արմատական և ռևանշիստական ուժերի հեռանկարները» Հայաստանում։
Եթե Փաշինյանին «տապալեն», ապա մենք չենք կարող հասնել երկրի Սահմանադրության փոփոխությունների, իսկ խաղաղությունն անհրաժեշտ է Ադրբեջանին օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, առանց պատերազմի սպառնալիքի ապրելու և նրա համար, որ Հայաստանը դադարի գործիք լինել այլ պետությունների ձեռքում, այլ դառնա գործընկեր տարածաշրջանում»,-ասել է ադրբեջանցի պատգամավորը:
Պատգամավորը կայունության առանցքային պայմաններից մեկը համարել է Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների շուտափույթ բացումը, ինչը, նրա կարծիքով, Հայաստանին տնտեսական անկախություն և ելք կտա դեպի Եվրոպա:
Հասանգուլիևը նաև վկայակոչել Է Թրամփի միջնորդությամբ ստորագրված վաշինգտոնյան հռչակագիրը, որտեղ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ստանձնել վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն: Նա այդ փաստաթուղթն անվանել է միջազգային համաձայնագիր, որը երկիրը մտադիր է բարեխղճորեն կատարել: