Եթե Կատարը ցանկանար, ապա հեշտությամբ կարող էր...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդարացված է համարում Կատարում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչներին։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը:

Նրա խոսքով՝ Կատարը, որպես միջնորդ հանդես գալով մերձավորարևելյան հակամարտության կարգավորման հարցում, «կապված է ՀԱՄԱՍ-ի հետ», ուժեղացնում, հյուրընկալում և ֆինանսավորում է ՀԱՄԱՍ-ին։

Եվ այդ պատճառով Կատարում ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին հասցված հարվածը «լիովին արդարացված է», նշել է Իսրայելի վարչապետը։

«Եթե Կատարը ցանկանար, ապա հեշտությամբ կարող էր զգալիորեն ավելի մեծ ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա, և դա մեզ կօգներ մեր բոլոր պատանդներին ազատել դեռ պատերազմի առաջին ամիսներին», - ասել է Նեթանյահուն The Times of Israel-ին։

Նա նաև հրաժարվել է նոր տեղեկություններ տրամադրել այն մասին՝ արդյոք Դոհային հարվածի ընթացքում սպանվել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդներ։

«Մենք դեռ ստուգում ենք դա։ Դա դեռ վերջնական չէ։ Մենք սպասում ենք արդյունքներին», - ասել է Նեթանյահուն։

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Դոհայում գտնվող շենքերից մեկին՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։ ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել է շարժման հինգ անդամ, այդ թվում՝ շարժման գլխավոր բանագնաց Խալիլ ալ Հայիի որդին, սակայն բոլոր բարձրաստիճան անդամները ողջ են մնացել։ Բացի այդ, զոհվել է Կատարի անվտանգության ուժերի մեկ անդամ։ 

Բազմաթիվ երկրներ դատապարտել են Իսրայելի հարվածները Դոհային։