Եթե Իսրայելը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտ...

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, Թեհրանի պատասխանը կործանարար կլինի: Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:

«Մեզ չեն անհանգստացնում միջուկային օբյեկտների վրա սիոնիստների հարձակումները, քանի որ մեր պաշտպանությունն ի վիճակի է կասեցնել ցանկացած թշնամական թիրախ», - ասել է նա:

Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը «Հացերիմ» ավիաբազայում օդաչուների և մյուս զինծառայողների հետ հանդիպմանն ասել է, որ «այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածի Իրանին, բոլորը կհասկանան, թե ինչպես և ինչի համար են երկրի ռազմական օդուժի զինծառայողները մարզվել»:

«Բոլոր նրանք, ովքեր մեկ տարի առաջ երազում էին մեզ հաղթելու և մեզ վրա հարձակվելու համար, թանկ գին վճարեցին և այլևս այդ երազի մեջ չեն», - հավելել էր նա:

Իսրայելն ամենաբարձր մակարդակով խոստացել է համարժեք պատասխան տալ Իրանի՝ հոկտեմբերի 1-ին իրականացրած զանգվածային հրթիռակոծմանը: Այն ժամանակ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել էր ավելի քան 180 բալիստիկ հրթիռ: