Եթե ինքս վարչապետ լինեի, կընտրեի բնապահպանակա...

«Տպավարությունս այնպիսին էր, որ առնվազն ջերմուկցիները չեն զիջելու»: Politik.am-ի հետ զրուցում Ջերմուկ և դրա հարակից բնակավայրեր կատարած այցի մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին.

«Եվ՛ որպես պատգամավոր, և՛ որպես քաղաքացի չեմ ցանկանա՝ բախումներ լինեն: Եթե դրանք լինեն, բնականաբար ես առաջին հերթին որպես քաղաքացի, երկրորդը՝ որպես ԲՀԿ պատգամավոր, երրորդը՝ որպես մարդու իրավունքների հանձանաժողովի նախագահ, և չորրորդը՝  որպես այդ շրջանից ընտրված պատգամավոր, պիտի լինեմ այնտեղ՝ բնակչության կողքին, իմ գործընկերների հետ:

Գնդեվազ և Գորայք համայքներում հանդիպել ենք մարդկանց, ովքեր կողմ են հանքի շահագործմանը՝ աշխատանք չունենալու պատճառով: Դրա համար ԲՀԿ-ի դիրքորոշումը հստակ է եղել. երբ ասվում է, որ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, չասենք՝ դու անգրագետ Պողոս ես, քո ձայնը ոչինչ այլևս չի որոշում այս հարցում, քանի որ դու կոմպետենտ չես: Այսինքն՝ 3 մլն անկոմպետենտ վարչապե՞տ ունեինք: Ինքս այդ կարծիքին չեմ»:

Զոհրաբյանը նշեց, որ երբ վարչապետը ստանձում էր իր պարտականությունները, հանքաարդյունաբերության մասին խոսելիս, բավականին առողջ դիրքորոշում ուներ, որի համաձայն՝  պետք է վերանայենք հանքերով պետական բյուջեն լցնելու մոտեցումը: Դիտարկելով եվրոպական երկրների փորձը՝ պատգաամավորը նկատել է, որ այնտեղ ևս կիրառվում է այն մարտավարությունը, որ  երկրի ընդերքը քրքրելը չպետք է դառնա պետական բյուջեի ամենամեծ հոսքը:

«Երբ մենք խոսում ենք, մեզ ասում են՝ իսկ ինչո՞ւ չեք խոսում Քաջարանի կամ Ալավերդու մասին: Իսկ ո՞վ ասաց, որ չենք խոսել, բազմիցս անդրադարձել ենք այդ պոչամբարներին: Կարծում էինք, որ ընդհանրապես այս գործընթացը կդադարեցվի, և ՀՀ ընդերքի վերաբերյալ նոր ռազմավարություն կմշակվի, ինչը, ի դեպ, գրված էր «Իմ քայլը»-ի նախընտրական ծրագրում: Հիմա այդ հայտարարություններին հակադիր քայլեր ենք տեսնում:

Չգիտեմ՝ կա՞ն ճնշումներ կամ ինչ-ինչ պայմանավորվածություններ, որոնք հնարավոր չէ չեղյալ հայտարարել, սակայն ես չեմ կարծում, թե խոսքը միայն վերաբերում է այն գումարին, որը որպես տուգանք պիտի վճարվի Ամուլսարին: Երբ գործընկերներիս հետ Ջերմուկում էինք, բնակիչները մեզ ասացին, որ իրենք պատրաստ են անգամ համազգային դրամահավաք կազմակերպել, եթե խնդիրը միայն այդ «փրկագինն» է հանքը չշահագործելու համար»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը հարցի լուծումը կոնսենսուսով, երկխոսությամբ է տեսնում, և եթե ինքը լիներ երկրի վարչապետ, իրեն տրվեր ընտրելու հնարավորությունը, կընտրեր Հայաստանի բնապահպանական անվտանգությունը: 

«Շատ լավ հասկանում եմ, որ չշահագորման դեպքում Հայաստանը ներդրումային առումով սև ցուցակում է հայտնվելու, բայց մյուս կողմից բնապահպանական ռիսկերն են դրված»,- եզրափակեց նա: