Եթե ՀՌԱՀ-ը ստիպված լինի «5-րդ ալիք»-ին լիցենզ...

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հեռուստաընկերություններին պատժելու քաղաքականություն ունի։ Նա նշեց, որ օրերս «Հայելի» մամուլի ակումբում կայացած Ռուբերտ Քոչարյանի պաշտպանների մամուլի ասուլիսի ժամանակ պաստառի վրա եղել է «Սիգարոն»-ի գովազդը, և դրա համար հեռուստաընկերություններին պատժել են, որ խախտում են գովազդի մասին օրենքը։ Թեև արդյունքում տուգանվել են 5 հեռուստաընկերություններ, բայց Աղասի Ենոքյանն ընդգծեց «5-րդ ալիք»-ի հարցը.

««5-րդ ալիք»-ի դեպքում արդեն 2-րդ պատիժն է, 3-րդի դեպքում այն կարող է լիցենզիայից զրկվել: ՀՌԱՀ-ն ունի տուգանելու իրավունք, սակայն այլ խնդիր է, թե հանձնաժողովը երբ է կիրառում այդ իրավունքը»,-նշեց նա: 

Politik.am-ը հարցի շուրջ լսեց «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանից: Նա նշեց՝ «5-րդ ալիք»-ում «գլուխները կախ» իրենց գործն են կատարում: Եթե կորոշեն լիցենզիայից զրկել, թող զրկեն, եթե կորոշեն, որ պետք է աշխատեն, կաշխատեն:

«Մենք չենք հասնի նրան, որ մեզ լիցենզիայից զրկեն: Այդպիսի բան չի լինի՝ իմ կարծիքով, չնայած այստեղ գիշերը մարդիկ քնում են, առավոտն այնպիսի ապօրինություններ են արվում պետական մարմինների կողմից, որ էլ չասած: Երկրում այնքան բաներ են տեղի ունենում, որ լիցենզիայից զրկելն ի՞նչ հարց է, բայց ես լիահույս եմ, որ գոնե ՀՌԱՀ-ն այն մարմինը չէ, որը կգնա նման քայլի: Ես ուզում եմ վստահ լինել»,-ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ ՀՌԱՀ-ում չկան այնպիսի մարդիկ, որոնք կցանկանան զրկել լիցենզիայից կամ որևէ լրատվամիջոցի ճնշել: Եթե նման բան լինի, միայն մեծ ճնշման արդյունքում, ինչն ակնհայտ կերևա:

«Աստված մի արասցե, եթե ՀՌԱՀ-ը ստիպված լինի նման քայլի գնալ, մենք մեր լիցենզիայի խնդիրը մի կողմ կթողնենք և կսկսենք պաշտպանել ՀՌԱՀ-ին, որպեսզի ճնշումների չենթարկվի,-ասաց «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրենը՝ նշելով, որ ավել ոչինչ չի կարող ասել՝ չցանկանալով հեռուստաընկերության շուրջ կրքերը բորբոքել,- առանց այդ էլ մեզ ոչ թե 15 այլ, 100 խոշորացույցով դիտարկում են»: