Եթե դատավորը խնդիր չունենար, Միքայել Սրբազանի...

Պաշտպանության կողմը բոլոր հնարավոր քայլերը կատարեց, բոլոր ջանքերը գործադրեց, նույնիսկ այս միակողմանի դարպասի պայմանում, որ ցույց տա Միքայել Սրբազանի անմեղությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23–ին, Միքայել Սրբազանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանի փաստաբաններից Արա Զոհրաբյանը:

«Բայց ինչպես արդեն լսեցիք մեր հոռետես փաստարկները, մենք չենք կարծում, որ սա իրական արդարադատության հարթակ է, որովհետև հակառակ դեպքում մենք կունենայինք նշաններ, որ դատավորը կարող էր ցույց տալ:

Ամենառաջին իսկ քայլով ընդատության կուղարկեր: Եթե դատավորը խնդիր չունենար, նա գործը կուղարկեր Շիրակի մարզի դատարան: Դա պարզից էլ պարզ է։ Այդ քայլը չանելով՝ արդեն պարզ է, որ այս գործը ինքը պետք է քննի, ինքը պետք է դատական ակտը կայացնի»,- ասաց փաստաբանը:

Զոհրաբյանը նշեց, որ դատարաններում կան դատավորներ, որոնք փաստաբանների շրջանում ունեն մեղադրական հակում ունեցող համբավ, և, ըստ նրա, Արմինե Մելիքսեթյանն այդ շարքում է գտնվում, ինչպես նաև Մասիս Մելքոնյանը, որը կալանքի հարցն էր քննել։

«Ամենակարևորը ոչ թե պետք է գար Երևանի դատարան, այլ պետք է գնար Շիրակի մարզի դատարան։ Մյուս կարևոր բանը, որ նույնպես խոսում է այն մասին, որ մեղադրական վերդիկտի նախանշաններ կան, դա այն է, որ Արմինե Մելքսիեթյանը, դատելով նրա կենսագրությունից և քննած գործերի վիճակագրությունից, ժամանակագրությունից, արագ գործեր քննող չէ:

Նա նիստերը նշանակում էր բավականին ուշ, բայց այս դեպքում տեսնում ենք մեկ շաբաթում 2-3 նիստ էր նշանակում, փորձում էր արագ ավարտել: Սա էլ է խոսում այն մասին, որ ուզում է հապշտապ որոշում կայացնել»,- ասաց նա:

Զոհրաբյանը Միքայել սրբազանի անունից շնորհակալությունը հայտնեց լրագրողներին, որոնց աշխատանքի շնորհիվ հանրությունն իմացավ, թե ինչ է կատարվում դատարանի ներսում և, որ Սրբազանը քաղաքական հետապնդումների զոհ է։