Միանշանակ կրկնում եմ այն, ինչ ասել եմ ցանկացած իրավիճակում՝ բռնությունը չունի արդարացում։ Մենք պետք է մեր միջից վերացնենք բռնությամբ խնդիրներ լուծելու մշակույթը։
Շատ հուսով եմ, որ Ամուլսարի շուրջ ծավալվող հետագա իրադարձություններում հնարավոր կլինի խուսափել բռնությունից, սակայն ցավով ենթադրում եմ, որ դա չի հաջողվելու։
Կառավարությունն անորոշության մեջ սպասեցրել է հանքի ճանապարհները փակած մարդկանց մոտ 15 ամիս։ Նրանք համբերատար սպասել են՝ հավատալով ու վստահելով Փաշինյանին։ Այս ընթացքում Ամուլսարի պահապանները բազմաթիվ զոհողությունների գնով պահել են դիրքերը, ու որքան երկարել է այս իրավիճակը, այդքան նրանք ավելի հաստատակամ են դարձել իրենց համոզմունքում, այն է՝ չենք թույլ տալու հանքի շահագործումը։
Մոտակա համայնքներում ապրող այն մարդիկ, ովքեր աշխատել են հանքը շահագործելու ախորժակ ունեցող Լիդիան ընկերությունում, թշնամաբար են տրամադրվել Ամուլսարի պահապանների նկատմամբ, և որքան ժամանակը երկարել է, այդքան թշնամանքը խորացել է: Լիդիանն էլ իր հերթին թշնամանք է սերմանել ակտիվիստների մասին բացասական տեսանյութեր պատրաստելով ու տարածելով: Այդ թշնամանքի արդյունքն էր նաև վերջին միջադեպը, որի ընթացքում հնարավոր չի եղել խուսափել ֆիզիկական բռնությունից։
Այնուամենայնիվ, Ամուլսարի պահապանները հետդարձի ճանապարհ չունեն։ Նրանք չեն կարող այսքան զոհողություններից հետո պարզապես հետքայլ անել ու բացել դեպի հանք տանող ճանապարհները։ Ես անգամ չեմ ուզում երևակայել, թե ինչ կլինի, եթե այս կառավարությունը, այնուամենայնիվ, պնդի, որ հանքը պետք է շահագործվի։
Նրանք, ովքեր չեն եղել պոստերում, գուցե չեն հավատում, որ երբ Ամուլսարի պահապաններն ասում են՝ թույլ չենք տալու, իսկապես հենց դա նկատի ունեն, որ ամեն գնով թույլ չեն տալու։ Եթե այս կառավարությունը համարձակվի բռնությամբ հարցը լուծել, ամենայն հավանականությամբ կլինեն անկանխատեսելի իրավիճակներ՝ խիստ բացասական հետևանքներով։
Գրում է իրավապաշտպան Արման Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում



