
Էստոնիայի կառավարությունը սեպտեմբերի 18-ին կայացած նիստում որոշում է ընդունել լիակատար արգելք սահմանել Ռուսաստանից բնական գազի գնման ու ներմուծման համար։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ներկայում Ռուսաստանից հեղուկացված բնական գազի գնումն ու ներմուծումը թույլատրված է այն պայմանով, որ այն չօգտագործվի բաշխիչ ցանցում։ Ուղղումների ուժի մեջ մտնելուց հետո արգելքը կտարածվի նաև բաշխիչ ցանցից դուրս ներմուծվող հեղուկացված բնական գազի վրա», - պարզաբանել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան։
Արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թ. հունվարի 1-ից, ինչը շուկայի մասնակիցներին անհրաժեշտ ժամանակ կտրամադրի փոփոխություններին ծանոթանալու և իրենց գործունեության վերափոխման համար։
Արտգործնախարարի խոսքով՝ «հաշվի առնելով Բելառուսի աջակցությունը Ռուսաստանի գործողություններին, նմանօրինակ արգելքներ կտարածվեն նաև Բելառուսի վրա»։
Էստոնիան ռուսական գազից հրաժարվելու մասին որոշում է ընդունել դեռ 2022 թ. ապրիլին։ Քանի որ ներմուծման ծավալները մեծ չեն, սահմանափակում մտցնելն էական ազդեցություն չի ունենա Էստոնիայի տնտեսության և գործարար միջավայրի վրա, նշվում է կառավարության հաղորդագրության մեջ։