Էստոնիայի ոստիկանությունը և սահմանապահ վարչությունը (PRA) մտադիր է Ռուսաստանի հետ ջրային սահմանին սայրերով խարսխավոր լողանների շղթա տեղադրել, Էստոնիայի ազգային հեռարձակման ընկերությանը (ERR) հայտնել է գերատեսչության գլխավոր տնօրենի տեղակալ Վեյկո Կոմմուսաարը:
Ըստ նրա՝ սա այն երկու տարբերակներից մեկն է, որոնք Էստոնիայի սահմանապահ վարչությունը մտադիր է փորձարկել իբրև փորձնական ծրագրի մաս: «Համակարգը կառուցված է այնպես, որ եթե ինչ-որ մեկը փորձի հատել այս ջրային ենթակառուցվածքը, նրա նավից կամ մեքենայից քիչ բան կմնա»,-նշել է Կոմմուսաարը:
Ընդ որում, այս խարսխավոր լողանների վրայով մագլցելն էլ անհնար է. «դրանք մարդուն հետ կուղարկեն այնտեղ, որտեղից նա եկել է»,-պարզաբանեց կառույցի գլխավոր տնօրենի տեղակալը։ Մի քանի հարյուր մետր երկարությամբ լողանների նմանատիպ շղթա 2023 թվականի ամռանը Մեքսիկայի հետ սահմանի Ռիո Գրանդե գետի վրա տեղադրել էր ԱՄՆ Տեխաս նահանգը։
Մեկ այլ հնարավոր լուծում է պոնտոնների վրա լողացող պարզեցված ցանկապատը: Կոմմուսաարը հիշեցրել է, որ էստոնա-ռուսական սահմանի 338 կմ-ից միայն 135 կմ-ն է ցամաքային։ Միևնույն ժամանակ, անօրինական ներգաղթյալներն ավելի ու ավելի են փորձում հասնել Էստոնիա՝ լողալով անցնելով Նարվա գետը կամ Լամմի լիճը (Չուդ լճի մի մասը):
Փորձնական ծրագրի համար, որը կտևի երեք տարի, Էստոնիայի սահմանապահ վարչությունը մեկ միլիոն եվրո կհատկացնի։ Փորձարկումները կսկսվեն 2025 թվականին այն տարածքներում, որտեղ սահմանը հատելն ավելի հեշտ է։
Պաշտպանության պետական ներդրումային կենտրոնի ենթակառուցվածքների բաժնի ղեկավար Կադի-Կայ Կոլլոն հայտնել է, որ հաջորդ տարի Էստոնիան միաժամանակ կսկսի պաշտպանական գիծ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին, որի շրջանակում 600 բունկեր կտեղադրվի:
Ըստ նրա՝ պաշտպանական կառույցների պահանջները կազմելիս հաշվի է առնվել Ուկրաինայի պատերազմի փորձը։ Այսպիսով, բունկերը պետք է տեղավորի մինչև տասը զինվոր տեխնիկայով և սնվելու տեղով։ Որպես հիմնական նյութ ընտրվել է երկաթբետոնը, քանի որ նման բունկերները հուսալի և էժան են:
Նախնական հաշվարկներով՝ շինարարության վրա կծախսվի 60 միլիոն եվրո։ Բացի բունկերներից, պաշտպանական գիծը ներառելու է տանկային արգելապատնեշներ և փշալարեր:
Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Բալթյան երկրները զգալիորեն ավելացրել են պաշտպանական ծախսերը: Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը հաշվարկներով՝ դրամական արտահայտությամբ Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի ծախսերն այդ նպատակների համար այսօր կազմում են համապատասխանաբար 1,8 միլիարդ, 1 միլիարդ և 970 միլիոն եվրո։