Ասում եք գնա հարևանիցդ տեղեկանք բեր․ Թադևոս Ա...

Տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ, մասնավորապես նաև Երևան քաղաքի բնակիչներ, էական դժվարություններ են ունենում փաստացի բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք ստանալու հետ կապված։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ դիմելով ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանին:

«Ես վերջերս իմ օրինակով փորձեցի խնդիրը ավելի մանրամասն պարզել։ Այսինքն, նախ այդ տեղեկանքը տալիս է ՏԻՄ-ը, օրինակ, վարչական շրջանը, հետո պարզվում է, որ վարչական շրջանը այդ տեղեկանքը տալու համար ասում է՝ գնա հարևաններիցդ հայտարարություններ բեր, ասենք չորս-հինգ հարևանից հայտարարություն բեր, որ դու այդ գրանցված հասցեում փաստացի բնակվում ես։ Աբսուրդ է, որովհետև այդ տեղեկանքը նախ նպատակի առումով ոչինչ է, որովհետև այդ գրել-ստորագրելը դեռ ոչինչ չի նշանակում: հետո հասկանալի չէ, եթե մարդը հայտարարություն է տալիս, որ այդտեղ է ապրում, ինչի՞ չեք հավատում, ասենք պիտի գնա ինչ-որ տեղեկանքներ հավաքի:

Այս թվայնացման աշխարհում դուք չեք տիրապետո՞ւմ այդ բազաներին կամ եթե ճշտելու խնդիր կա, ի վերջո ոստիկանություն կա, համայնքային ոստիկանություն կա, լիքը ծառայություններ կան, թող գնան, զբաղվեն»,-ասաց նա:

Ի պատասխան փոխնախարարն ասաց. ««Եթե չեմ սխալվում, փաստացի հաշվառման վերաբերյալ տեղեկանքը անձնագրային ծառայություններն են տալիս և այստեղ թվային բազաներ չկան և չեն կարող լինել, քանի որ անձինք հաշվառվում են մի հասցեում և դա է թվանացված և դատաբազայում առկա է, բայց այլ հասցեներում քաղաքացին, ըստ էության, ազատ է բնակվելու:

Մենք այս պրոցեսն արագացնելու համար թվային գործիք ենք ստեղծել, որը անձնագրային ծառայության և համայնքային ոստիկանության տարածքային բաժնի օպերատիվ կապն է ապահովում, որպեսզի արագ պարզվի անձի փաստացի բնակվելը տվյալ հասցեում: Շատ արագ մատչելի մենք սպասարկում ենք քաղաքացիներին այս առումով»:

Ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց, որ այդ տեղեկանքը տալիս է վարչական շրջանը եւ ինքը երկու առաջ է այդ տեղեկանքը վերցրել. «Երկրորդը, դուք շատ արագ և արդյունավետ չեք սպասարկում, ես իմ օրինակով եմ ասում: Այդպիսի տեղեկանք ամենատարբեր տեղերից պետք են, բանկից մինչև վայենկոմատ: Իրականում, այն լուծումը, որով դուք հիմա առաջնորդվում եք, ոչինչ չի տալիս։ Այսինքն, այդ հարևանի տված հայտարարությունը ոչ մի բան է և հետո, ձեր իշխանությունն էր չէ՞ ասում, ինչու պիտի քաղաքացուն դուք չհավատաք, եթե հայտարարություն է տալիս ՀՀ քաղաքացին, որ այդտեղ է ապրում, ինչի չեք հավատում, ասում եք գնա,  կամայական չորս-հինգ հարևանից հայտարարություն բեր։ Սա է աբսուրդը և սա ժամ առաջ, օր առաջ լուծում է պահանջում»,- հայտարարեց Թադեւոս Ավետիսյանը:

Փոխնախարար Մկրտչյանն էլ ասաց, որ չի հասկանում, թե ինչ տեղեկանքի մասին է խոսքը. «Եթե հնարավոր է՝ ներկայացեք, ես հասկանամ ինչի մասին է խոսքը, որ պատշաճ կարողանամ ձեզ պատասխանել»: