Հոկտեմբերի 13-ից Իտալիան տասը օրով կդառնա ՆԱՏՕ ամենամյա Steadfast Noon զորավարժությունների անցկացման հարթակ, որոնք դաշինքում պաշտոնապես անվանում են միջուկային։ Այս մասին հայտնել է ANSA-ն՝ հղում կատարելով Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչների հայտարարություններին։
Իտալիայի ՌՕՈւ-ն ընդգծել է, որ Steadfast Noon-ի ընթացքում չեն կիրառվի իրական սպառազինություններ, գործողություններն ուղղված են բացառապես դաշնակից ուժերի միջև ընթացակարգերի, համակարգման և անվտանգության չափանիշների ստուգմանը։ Զինվորականները նշել են, որ զորավարժությունները նախապես պլանավորված էին և կապված չեն ընթացիկ միջազգային ճգնաժամերի հետ։
Սակայն ՆԱՏՕ-ն հստակեցրել է իտալական կողմի ձևակերպումները։ Դաշինքի միջուկային քաղաքականության բաժնի ղեկավար Նասիմա Բարոուզը լրագրողների հետ հանդիպմանը հաստատել է, որ Steadfast Noon-ը էությամբ միջուկային զորավարժություն է, նույնիսկ եթե իրական մարտագլխիկներ չեն օգտագործվում։
«Ուզում եմ ընդգծել, որ մենք Իտալիայի հետ սերտ համագործակցությամբ աշխատել ենք հաղորդակցության հարցերի շուրջ, և ես կարծում եմ, որ մենք ունենք լիակատար փոխըմբռնում այն հարցում, որ Steadfast Noon-ը միջուկային զորավարժություն է», — հայտարարել է Բարոուզը։
Զորավարժությունների շուրջ իրավիճակը Իտալիայում քաղաքական արձագանք է առաջացրել։ Ընդդիմադիր «Կանաչների և ձախերի դաշինք» կուսակցության պատգամավոր Անջելո Բոնելին հայտարարել է պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոյին հարցում ուղարկելու մտադրության մասին։ Պատճառն այն է, որ խորհրդարանը չի տեղեկացվել լայնածավալ զորավարժանքների մասին։
Բոնելին պահանջել է պարզաբանել, թե ինչ դեր կխաղան անօդաչու թռչող սարքերը, ինչ համակարգեր կներգրավվեն, որտեղ կանցկացվեն կրակոցները և ինչ զինամթերքով, մասնավորապես՝ Սալտո դի Կուիրա զորավարժարանում։ Նա նաև հետաքրքրվել է, թե արդյոք տեղեկացվել են այն շրջաններն ու համայնքները, որոնց վրայով կթռչեն ինքնաթիռները, և ինչ միջոցներ են երաշխավորում քաղաքացիական օդային երթևեկության անվտանգությունը։



