Ես հիասթափված եմ նախագահ Պուտինից, կրճատելու...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 50 օր էր տվել Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար, նոր հայտարարություն է արել։ Նա ասել է, որ արդեն հիասթափված է Կրեմլի առաջնորդի գործողություններից և մտադիր է կրճատել տրված ժամկետը։

Ինչպես հաղորդում է rbc.ua-ն, այս մասին Թրամփը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ բանակցություններից առաջ։

Թրամփը նշել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանավորվածություններ «բազմիցս ձեռք են բերվել», սակայն Պուտինը խախտել է դրանք՝ «ռմբակոծելով Ուկրաինան»։

«Մենք բազմիցս մտածել ենք, որ սա կարգավորել ենք, իսկ հետո նախագահ Պուտինը դուրս է գալիս և սկսում հրթիռներ արձակել Կիևի նման որևէ քաղաքի վրա և սպանում շատ մարդկանց... Այնպես որ, կտեսնենք, թե ինչ կլինի», - ասել է նա։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է կրճատել Ռուսաստանին պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր ներկայացրած վերջնագրի ժամկետը։

«Ես հիասթափված եմ նախագահ Պուտինից... Ես կրճատելու եմ նրան տված 50 օրը», - ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Ռուսաստանին նոր պատժամիջոցներով, եթեՊուտինը չհամաձայնվի դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը: Նա Մոսկվային 50 օր ժամանակ էր տվել համապատասխան որոշում կայացնելու համար: