Առաջիկա կիրակի օրվա հետ կապված հարցեր կան, որովհետև այց ունեմ, Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստն է, և պետք է մեկնեմ, շուտ էր պլանավորված, հակառակ դեպքում այլ կերպ կանեինք, դրա մասին կհայտարարեմ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առաջիկա կիրակի օրվա պատարագի՝ իր մասնակցության մասին:
Հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ Փաշինյանն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ նշանակել, վարչապետը պատասխանել է. «Ես պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել, դա եպիսկոպոսաց դասի որոշումը պետք է լինի: Ես էլի եմ ասում, նրանք, ովքեր այլ դիտանկյունից են նայում, ուղղակի սխալ են հասկանում իրավիճակը, իմ օրակարգը բացառապես հոգևոր է և բովանդակային: Այն անձերի հետ առնչվում է այնքանով, որքանով առնչվում է հոգևոր բովանդակության հետ»:
Նա հավելել է, որ այդ օրակարգում չի հետապնդում ինտրիգներ, եթե հետապնդելու լիներ՝ ավելի վաղ և այլ տարբերակներով կաներ դա:
«Ո՛չ, հերքում եմ, ես հերքում եմ, որ ունեմ, մտածում եմ տեղապահի որևէ թեկնածուի մասին։ Ես հերքում եմ, որ նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ։ Տեղապահի մասին եթե կարծիք հարցնեն, չեմ փախնի, կասեմ, չեն հարցնի՝ չեմ էլ ասի»,-նշել է Փաշինյանը:



