Ես համոզված եմ, որ վարչապետի սկսած գործընթացը...

ԵԽԽՎ-ն նշել է, որ ողջունում է գործընթացը, որը սկսել է վարչապետը՝ նշելով նաև, որ այդ սկսվող գործընթացը չպետք է այնպես արվի, որ ընկալվի որպես ճնշում, այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) արձագանքին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչին:

«Ես համոզված եմ, որ այն գործընթացը, որը վարչապետը սկսել է, չի կարող ընկալվել որպես ճնշում, որովհետև անպայման ներգրավված կլինեն միջազգային կառույցներ, անհատներ, և նրանց ներկայացվածությունը կապահովի թափանցիկությունը»,-նշեց Բաղդասարյանը:

Մեր հարցին ի պատասխան, թե ինչպես կգնահատի հայաստանյան քաղաքական ուժերի հայտարարությունները, որոնք չէին ողջունում վարչապետի կոչը, պատգամավորը ասաց.«Այլ քաղաքական ուժերը նշել են, որ չպետք է ներգրավել հասարակությանը, սակայն հաստատապես կարող եմ ասել, որ հասարակության ներգրավվածությունը պրոցեսում պարտադիր է: Մարդիկ պետք է ներգրավված լինեն դատաիրավական բարեփոխումների այս փուլում, որը վարչապետը ներկայացրեց որպես երկրորդ հեղափոխության գործընթաց: Եվ կարծում եմ, որ պետք է ներգրավված լինեն նաև քաղհասարակության ներկայացուցիչները, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, արտախորհրդարանական քաղաքական ուժերը, լրագրողները, հակառակ դեպքում դրական արդյունք չենք ստանա, եթե միայն իշխող կուսակցությամբ իրականացնենք այդ գործընթացը»:

Անդրադառնալով դատարանները շրջափակած քաղաքացիների մասնակցությանը, որը որոշ քաղաքագետների կողմից որակվեց սակավաթիվ, Բաղդասարյանը ասաց.«Չեմ կարող թվի վերաբերյալ որևէ գնահատական տալ, բայց կարող եմ ասել, որ բազմաթիվ մարդիկ կան, որ ցանկանում են ներգրավված լինել դատաիրավական բարեփոխումների այս գործընթացին: Դրա մասին է վկայում այն, որ շատերը շահագրգռված են մասնակցել ուրբաթ օրը Ազգային ժողովում իրականացվող անցումային արդարադատության վերաբերյալ լսումներին, և ես համոզված եմ, որ բնակչության նվազագույնը 30-40%-ը որոշակի խնդիրներ ունեցել է դատարաններում, և անձնապես իրենց իրավունքները և շահերը շոշափում է այդ պրոյեկտը: Այսինքն՝ դատաիրավական բարեփոխումների ծրագիրը շոշափում է Հայաստանի բնակչության բավականին մեծ զանգվածի շահերը, և ասել, թե այդ հարցով հասարակությունը շահագրգռված չէ, համամիտ չեմ: Պետք է գտնել բանակցությունների այն ֆորմատը, որով բոլոր շահագրգիր կողմերը կկարողանան իրենց կարծիքն արտահայտել»,-ամփոփեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Մարիամ Սարգսյան