Ես դատարան եմ շրջափակել, դատական համակարգում...

Ես ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանի արդարացման հետ համաձայն չեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով քննադատություններին, որ հենց իր օրոք է եղել, որ «Մարտի 1»–ի գործով Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց, նա ասաց. «Բա մենք անկախ դատական համակարգ ունենալու համար չենք պայքարե՞լ։ Եթե ուզում եք, բոլորի դատավճիռները գրեմ տամ, ուզո՞ւմ եք դա։ է՞դ ենք ուզում, է՞դ ենք ուզել։ Չնայած ես ասում եմ, այդ արդարացման հետ ես համաձայն չեմ, բայց մենք պետության ինստիտուցիոնալ կայացում ուզո՞ւմ ենք, թե՞ չենք ուզում, սրանում է խնդիրը։

Բայց ես ասում եմ, նույն ՄԻԵԴ-ի որոշումները մեզ շատ լուրջ պետք է ազդակ դառնան, որ մեր դատաիրավական համակարգը լուրջ պրոբլեմներ ունի։ Ես դատարան եմ փորձել շրջափակել, ես նաև դատական համակարգում եմ փորձել հեղափոխություն անել։ Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դա չի ստացվել։

Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասեցի, որ երևի թե դատական համակարգում ճիշտը ոչ թե ռեվոլյուցիան է, այլ էվոլյուցիան է, որովհետև ռեվոլյուցիան կարող է արտակարգ դատարանի տպավորություն թողնել, որը սովորաբար սկսում է գիլոտիններ աշխատացնել՝ բառից բուն կամ փոխաբերական իմաստով։

Մի կողմից ես ուրախ եմ, որ մենք մեր հեղափոխությունը գիլոտիններ չի աշխատացրել, մյուս կողմից ես այդ անբավարարվածության զգացողությունը կիսում եմ մեր ամբողջ հանրության հետ։ Բայց ես ուզում եմ նաև իշխանության ընկալումը մեր մոտ լինի, ո՞րն է իշխանության մեր ընկալումը։  Իշխանություն մեր ընկալումը կայսերական պոլիտբյուրոյակա՞ն է։ Ես այդ ընկալումը չեմ կիսում։ Թե՞ մեր ընկալումը ժողովրդավարական է, որ մենք պետք է ինստիտուտներ կայացնենք, որ դե անհատական կամքից շատ բան կամ ամեն ինչ կախված չլինի։

Ես այսօր ընդունում եմ, որ հա, ամեն ինչի հետևից պետք է գնալ, պետք է ընդհուպ գնալ, ես այսօր մի կողմից ինձ համար դա հաճույք է, բայց մյուս կողմից պրոբլեմ է, ես գնում եմ դպրոց, տեսնում եմ ծորակը տեղն է, թե չէ, պինդ է ձգած ծորակը, թե չէ, այդ մարդիկ կարող են ասել, այս ինչո՞վ է զբաղված այս մարդը։ Բայց հա, էդ ա օբյեկտիվ իրականությունը, բայց իհարկե դատական և մյուս համակարգերում կաշկանդվածությունները շատ են։