Լրագրողների հետ զրույցում Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը գլխավորող Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հաճախականությամբ են հրավիրվելու նիստերն ասաց. «Ըստ Տիգրան Կարապետյանի գիշեր–ցերեկ, բայց կարծում եմ՝ հնարավորինս հաճախ և էֆեկտիվ կլինեն հանձնաժողովի նիստերը»,–նշեց նա։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ զեկույցներով են հանդես գալու. «Զեկույցներ անպայման լինելու են, եզրահանգումների ենք մենք գալու, նույնիսկ եթե բացասական լինեն, մենք զեկույցներ հրապարակելու ենք, բայց դրանք լինելու են փաստերի վրա հիմնաված և ամենակարևորը՝ փաստերը պետք է լինեն անառարկելի, զեկույցները ինչ հետևանք կունենան, գուցե քրեական հետապնդման առիթ հանդիսանան, մեր որոշելիքը չէ»։
Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե իրենք արդեն իսկ ուսումնասիրություն կատարել են, պատգամավորը պատասխանեց. «Մենք կուսումնասիրենք Սեյրան Օհանյանի հնչեցրած այդ փաստաթղթի վերաբերյալ ինֆորմացիան, եթե ուսումնասիրություններ են արել, փորձենք հասկանալ, թե ինչ խորությամբ, եթե ուսումնասիրությունների արդյունքն այն է, որ այսօր ունենք մեր Զինված ուժերում և ոչ մի պատասխանատվության ենթարկված մարդ, ապա այդ ուսումնասիրությունները կատարվել են գաղտնի «գրիֆի» տակ պահելու համար։ Այս դեպքում շահառուն ո՞վ է, ես անձամբ ուզում եմ պարոն Օհանյանի կատարած աշխատանքին ծանոթանալ և կծանոթանանք հանձնաժողովում»։
Անդրանիկ Քոչարյանի խոսքերով՝ ապրիլյան պատերազմի հարցով պատշաճ ուսումնասիրություն չի կատարվել. «Տարիներ շարունակ խոսվում է, որ ինչ–որ հարցեր կան, որոնք պարզաբանման կարիք ունեն, սակայն պարզաբանաման մասին ոչինչ չկա, միակ բանը, որ լսեցինք, այն էր, որ Սեյրան Օհանյանը հանձնարարել է կատարել ուսումնասիրություն, սակայն ուսումնասիրության արդյունքը հասանելի չէ ոչ մեկին։ Կարող է մենք կարդանք Սեյրան Օհանյանի կատարած ուսումնասիրությունը և պարզվի, որ հանձնաժողովն անելիք չունի, դա հավանական չէ, բայց կարծում եմ՝ պետք է ուսումնասիրենք։ Քաղաքական պահանջը վաղուց կար, քաղաքական պահանջի սպասարկումը պետք է իրականցներ նախորդ իշխանությունը ապրիլի 4–ից հետո, բայց բավարարվեցին մի քանի պաշտոնատար անձանց աշխատանքից ազատելով, այդպես էլ պարզ չդարձավ՝ Միրզաբեկյանին ինչո՞ւ են հանել, Չիլինգարյանին ինչի՞ տարան բռնեցին, բաց թողեցին, Կարապետյանին ինչի՞ հանեցին, հետո պարզվեցին, որ Կարապետյանի ուղարկած նյութերը ներկայիս վարչապետը կարդում է և ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պարզաբանումներ»։



