Երուսաղեմում հանդիպել են Նեթանյահուն և Բլինկե...

Երուսաղեմում հանդիպել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, հայտնում է timesofisrael.com-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բլինկենը ժամանել է Թել Ավիվ՝ հանդիպելու իսրայելցի պաշտոնյաների հետ, քանի որ Միացյալ Նահանգները ձգտում է առաջ մղել Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու ջանքերը: 

Բլինկենը, որն անցած տարի Մերձավոր Արևելքում պատերազմի բռնկումից ի վեր 11-րդ այցն է կատարում տարածաշրջան, Թել Ավիվ է ժամանել մի կրիտիկական ժամանակաշրջանում, երբ Իսրայելը ծրագրում է իր պատասխան հարվածը Իրանի հրթիռային հարձակմանը, և երբ Լիբանանում և Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղում են:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այցը տեղի է ունենում նաև Վաշինգտոնի և նրա ամենամոտ տարածաշրջանային դաշնակցի միջև լարված հարաբերությունների ֆոնին, երբ ԱՄՆ-ն զգուշացրել է Իսրայելին, որ կարող է դադարեցնել զենքի մատակարարումը, եթե Գազայում հումանիտար իրավիճակը չբարելավվի: