Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների բանակցությունները տեղի կունենան երկուշաբթի, բոլոր պատվիրակություններն արդեն ժամանել են Մոսկվա՝ նախարարների մակարդակով հետագա հանդիպման նախապատրաստման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Վաղը խորհրդակցություններ տեղի կունենան արտգործնախարարների հանդիպման նախապատրաստման հարցերով։ Բոլոր պատվիրակություններն արդեն եկել են Մոսկվա»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Հուսեյն Ամիր Աբդոլահիանը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում նշել էր, որ հանդիպման գլխավոր նպատակը լինելու է «Թուրքիայի ու Սիրիայի հայացքների մերձեցումը»։ Իր հերթին ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հույս է հայտնել, որ այս «շատ կարևոր ռազմավարական նպատակի՝ այն է՝ թուրք-սիրիական հարաբերությունների նորմալացմանն ուղղված միջնորդական առաքելությունը կավարտվի ընդհանուր հաջողությամբ»։



