Սողոմոն Ռուբենի Վլասյանի սպանության գործով քրեական վարույթը վաղուց դատարանում է, որով սպանության մեղադրանք է առաջադրվել Արգամ Աբրահամյանի մտերիմ Գեղամ Հակոբյանին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հակոբյանի պաշտպան Վահագն Բաբայանը՝ նշելով, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի և Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը այս նույն պրոցեսի մասին է։
«Այժմ այդ գործը դատաքննության փուլում է, դեռ ապացույցներ ենք հետազոտում։ Գործը սկզբում եղել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի մոտ, հետո մակագրվել է դատավոր Մելիքսեթյանին։
Այս գործով և Արգամ Աբրահամյանին և իր կնոջը նախաքննական մարմինը հարցաքննել է, բայց հետազոտվող ապացույցների մեջ չի իրենց ցուցմունքը։ Ոչ մի բան չկա, ուղղակի տրամաբանական կառույց են արել, վարկած են առաջ քաշել, բայց վարկածը հիմա որպես վերջին ինստանցիայի ճշմարտություն են ներկայացնում։ Դրա տակ էլ կնոջն են սևացնում, սիրային կապ են կպցնում, սևացնելու տեխնոլոգիա է։
Իրենք, փաստորեն, երկու անմեղության կանխավարկած են խախտում. Դատական ակտ չկա, բայց ասում են՝ սպանությունը ոչ միայն հաստատված է, նաև կազմակերպիչի մասով էլ է բացահայտված։ Ստացվում է ճնշում դատավորի վրա, որը գործը քննում է և ճնշում այն մարդու նկատմամբ, ով կալանք է տվել։
Եթե քննչական կոմիտեն ասում է՝ բացահայտվել է սպանությունը պատվիրողը, ուրեմն սպանությունն էլ է բացահայտված։ Գոնե ասեն՝ քննություն է կատարվում, չխախտենք անմեղության կանխավարկածը»,–ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ սպանության գործով վկա է տաքսու վարորդը, որը տաքսիով Ա-ից Բ կետ է տարել մեղադրյալին ու վերջ։ «Ոչ մի ապացույց չկա, ինչ-որ հետք են գտել, ասում են՝ ինչ-որ գենետիկական բան կա, ինչը խիստ կասկածելի, վիճարկելի է մեր կողմից»։
Հարցին՝ ի՞նչ հիմնավոր կասկածի հիմքով են քրեական գործ հարուցել իր պաշտպանյալի նկատմամբ, Բաբայանը պատասխանեց. «Լրիվ օդից, ասել են՝ օպերատիվ տեղեկատվություն ունենք, որ այսինչ մարդն է։ Սպանվածը ընդհանրապես ծանոթ չի եղել մեղադրյալին։ Ոստիկանն է ցուցմունք տվել, որ երբ այս արդուն բռնել է, վերջինս ասել է, որ այդ մարդն իր կնոջն է մոտեցել, ինքն էլ սպանել է։ Հորինված բան է»։
Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալը ծանաչում է Արգամ Աբրահամյանին, աշխատել է իր մոտ։
Նշենք, Գեղամ Արամի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023թվականի ապրիլի 30-ին ժամը 23:15-ի սահմաններում Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեի շքամուտքում Սողոմոն Ռուբենի Վլասյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ ապօրինաբար նրան զրկելով կյանքից:
Ինչ վերաբերում է Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքին, ապա ըստ Քննչական կոմիտեի, դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը։ Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աբրահամյանը կնոջը կասկածել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ։ Իրավապահների հաղորդմամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով Աբրահամյանը որոշել է կյանքից զրկել նրան եւ դա արել է անվտանգության աշխատակցի միջոցով։



