27 տարի առաջ Հայաստանը պաշտոնապես արձանագրել էր, որ ինվազիվ տեսակները սպառնում են երկրի կենսաբազմազանությանը։ Այսօր այդ սպառնալիքը տեսանելի է ամբողջ երկրում․ ինվազիվ տեսակները տարածվել են բոլոր մարզերում, հասել արգելոցներ ու բնության հատուկ պահպանվող տարածքներ, իսկ դրանց դեմ պայքարի պետական ծրագրերը մնացել են թղթի վրա։
Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ է աճում ձեր տան բակում, փողոցի եզրին, գյուղում կամ քաղաքում։ Եթե այս պահին դրսում եք, օրինակ՝ Երևանի փողոցներում, մի պահ նայեք շուրջը։ Հացենի հիշեցնող ծառ տեսնո՞ւմ եք՝ կարմրավուն տերևակոթունով, սիրուն իրար դիմաց դասավորված սրածայր, փետրաձև տերևիկներով։ Եթե ոչ, շարունակեք քայլել ևս 10-15 րոպե և մեծ հավանականությամբ կհանդիպեք։ Խոսքը դրախտածառի՝ Ailanthus altissima-ի կամ պարզապես այլանթի մասին է։ Վերջին տարիներին այն այնքան արագ է տարածվել, որ այսօր կարելի է հանդիպել գրեթե ամենուր՝ բակերում, մայթեզրերին, ճանապարհների երկայնքով, գետերի ափերին ու նույնիսկ բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Սակայն խնդիրը դրա տարածված լինելը չէ։ Այլանթը ճնշում է իր շուրջը աճող բույսերը, խանգարում տեղական տեսակներին և աստիճանաբար փոխում բնական էկոհամակարգերը։ Այն Հայաստանի կենսաբազմազանությանը սպառնացող տասնյակ ինվազիվ տեսակներից ընդամենը մեկն է։
Ինվազիվ տեսակները իշխում ու ճնշում են տեղական բույսերը ու կենդանիներին
Ինվազիայի, այսինքն՝ ներխուժման ընթացքում օտարածին տեսակը հաղթահարում է մի շարք բնական արգելքներ և հաստատվում նոր էկոհամակարգում։ Հայտնվելով նոր միջավայրում՝ ինվազիվ տեսակները հեշտությամբ հարմարվում են նոր պայմաններին, արագ բազմանում ու տարածվում։ Ինվազիվ տեսակները իշխում ու ճնշում են տեղական բույսերն ու կենդանիներին, սպառում են էկոհամակարգի ռեսուրսները և դուրս մղում տեղական տեսակները։ Երբեմն հենց այս տեսակները կարող են դառնալ էնդեմիկ տեսակների անհետացման պատճառ։
Հաճախ կարելի է շփոթել «ինվազիվ» և «օտարածին» տերմինները։ Օտարածին տեսակներն այն օրգանիզմներն են, որոնք մարդու գործունեության հետևանքով հայտնվել են իրենց բնական տարածման սահմաններից դուրս, լինի դա դիտավորյալ, թե պատահաբար։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ օտարածին տեսակը պարտադիր ինվազիվ չէ։
«Եթե քաղաքում ունենք որևէ օտարածին տեսակ, որը որպես դեկորացիա է աճեցվում, այն դեռևս ինվազիվ տեսակ չէ։ Այն կարող է տարիներ շարունակ աճել ու մնալ իր տեղում։ Ինվազիվ տեսակ լինելու համար նույն օտարածին տեսակը պետք է ինքնուրույն բազմանա ու տարածվի նոր բնական էկոհամակարգերում»,- ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու Ալլա Ալեքսանյանը։
Ինվազիվ տեսակները նոր միջավայրերում կարող են հայտնվել նաև մարդու գործունեության հետևանքով։ Դրան նպաստում են, օրինակ, ջրանցքների կառուցումը, կլիմայի փոփոխությունը, ինչպես նաև դրանց տեղափոխումը տրանսպորտային միջոցներով, հողի, կերի կամ սննդամթերքի միջոցով։
Կենսաբանական, այդ թվում՝ ինվազիվ տեսակների ներխուժումների շարունակաբար աճող տեմպերը ներկայումս համարվում են ոչ միայն կենսաբազմազանության, այլև մարդու առողջության համար գլխավոր գլոբալ սպառնալիքներից մեկը։
Բնական էկոհամակարգերի վրա թողած սպառնալիքի չափով ինվազիվ տեսակները լինում են շատ բարձր և բարձր վտանգավորության, ինչպես նաև պոտենցիալ ինվազիվ։ Շատ բարձր վտանգ ներկայացնող տեսակները ներթափանցում են բնական էկոհամակարգեր, ակտիվ տարածվում են՝ տիրապետելով տարածքին ու դուրս մղելով տեղական տեսակները։ Բարձր վտանգ ներկայացնող տեսակները հաջողությամբ ներթափանցում են նոր էկոհամակարգեր ու տարածվում, բայց դեռևս գերիշխող տեսակ չեն էկոհամակարգում։ Իսկ արդեն պոտենցիալ ինվազիվներն այն տեսակներն են, որոնք դեռևս տվյալ էկոհամակարգում գրանցված չեն, բայց այլ երկրներում, հատկապես հարևան տարածաշրջաններում, հայտնի են որպես վտանգավոր ինվազիվ տեսակներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:



