Լավով կամ վատով, ավել-պակասով տարին մոտենում է իր եզրագծին։ Գնահատականներ իհարկե կլինեն առաջիկայում։ Ավարտին մոտեցող տարվա առնչությամբ գնահատականների պակաս չի զգացվի, սակայն առավել հետաքրքրականը լինելու է հաջորդ տարի՝ 2020-ին։ Հաջորդ տարի Հայաստանը թեւակոխում է բավական բարդ իրավիճակում։
Զուտ արտաքին քաղաքական առումով, նախ փետրվարից ԵԱՏՄ ղեկավար կազմում փոփոխություն կլինի։ Փետրվարին Տիգրան Սարգսյանին կփոխարինի Բելառուսի ներկայացուցիչը։ Կրկին Բելառուսի ներկայացուցիչը կփոխարինի նաեւ Հայաստանին ՀԱՊԿ ղեկավար կազմում։
Այս փոփոխությունները անհնարին է, որ իրենց ազդեցությունը չունենան ոչ միայն ռեգիոնալ-ինտեգրացիոն միավորումներում Հայաստանի հանդեպ վերաբերմունքի մասով, այլ նաեւ նույնիսկ հայ-ռուսական հարաբերությունների մասով։ Ապրիլին սպասվում է գազի թանկացում եւ սա էլ կրկին, որքան էլ համարվի տնտեսական հարց, իր մեջ ունի քաղաքական եւ նույնիսկ աշխարհաքաղաքական կոմպոնենտ, քանի որ գազը վաղուց է Մոսկվայի համար գեոպոլիտիկ խաղաքարտ դարձել։
2019-ին, չնայած Նիկոլ Փաշինյանի կառավարության երբեմն-երբեմն թույլ տված կոպիտ թերացումներին, Մոսկվան ամեն դեպքում պահպանում էր որոշակի հարգանք եւ փորձում իրավիճակը չսրել մտածելով իր ստեղծած ռեգիոնալ-ինտեգրացիոն միավորների հեղինակությամբ եւ արդեն ունենալով որոշակի խնդիր ՀԱՊԿ մասով, կապված Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված դրությամբ։ Հաջորդ տարի, կարելի է ասել, որ Մոսկվայի ձեռքերն այս առումով կազատվեն եւ մեծ հաշվով Երեւանի «խաղերը» Կրեմլին այլեւս չեն հետաքրքրի։ Հատկապես, որ ռեգիոնալ իրավիճակը հօգուտ Հայաստանի չէ։
Երբ Թուրքիայում օրակարգ է բերվում կարծես թե Ինջիրլիքում ու Քյուրեջիքում ամերիկյան զորակազմերի ներկայության նպատակահարմարության հարցը, Երեւանը նույնիսկ որպես ռուսական բազայի տեղակայման վայր լինելու հաղթաթուղթը շահարկել չի կարող, քանի որ հակառակ պարագան պարզ է բոլորին՝ ռուսական բազան Հայաստանին պաշտպանում է արտաքին հարձակումներից։ Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի Մոսկվան ավելի կակտիվացնի իր քաղաքականությունը նաեւ Ղարաբաղյան կարգավորման խնդրում։
Ինչ խոսք, հակամարտությունը եւ Երեւանի եւ Բաքվի վրա ազդելու համար գործիք է Կրեմլի համար, սակայն ներկա ձեւը կարծես թե հնացել է եւ նոր ֆորմատ է պետք մշակել, որի մեկնարկը արդեն տրված է եւ մշակումների հաջորդ փուլերը կլինեն սկսած հաջորդ տարվանից։ Արտաքին քաղաքականության ոլորտում այս փոփոխությունները հաջորդ տարի էապես «կկարճացնեն» Փաշինյանի լեզուն նաեւ ներքաղաքական հարթակում։
Թերեւս նա կսկսի հաշվի առնել, թե Լուկաշենկոն ում տանն է հյուրընկալվում եւ իրենից ոչ պակաս անկանխատեսելի Բելառուսի նախագահի հետ լեզու գտնելու հարցում ով կկարողանա օգտակար լինել։ Ընդ որում, նկատենք, այս փոփոխությունները մեկ տարվա համար չեն, այլ երեք կամ չորս տարիների։



