ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Մ.-ն իր քրոջ ամուսին Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, օգտագործելով անասնապահներ՝ անչափահաս Ա.Պ.-ի և նրա հայր Յ.Պ.-ի՝ իրենց 40-60 հզր ՀՀ դրամ պարտք լինելու, ինչպես նաև անչափահասի հոգեկան ակնհայտ հիվանդություն ունենալու հանգամանքները, 2025 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում թրաֆիքինգի՝ հարկադիր աշխատանքի են ենթարկել Ա.Պ.-ին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ նրան պատճառելով հոգեբանորեն ծանր և հուզականորեն արտահայտված տառապանք։
Քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցանք կատարած անձինք և որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը):
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:



